Ժնևյան կոնվենցիաներով արգելված զենքն օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ. պատգամավոր

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

1

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Գայանե Աբրահամյանը տեղեկացրել է, որ ելույթ է ունեցել «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի և Եվրամիության Արևելյան գործընկերության երկրների տեղական և տարածաշրջանային իշխանությունների «Արևելյան Գործընկերության երկրներում դիմակայունության ամրապնդումը» թեմայով համատեղ սեմինարին:

«Որևէ կերպ հնարավոր չէ հաջողության հասնել Արևելյան գործընկերությունում դիմակայունության ամրապնդման գործում, երբ չի երաշխավորվում խաղաղ բնակչության անվտանգությունը, երբ ահաբեկչական պետություններին չի տրվում համարժեք պատասխան, երբ Ժնևյան կոնվենցիաներով արգելված զենքն օգտագործվում է խաղաղ բնակչության դեմ: Չնայած հոկտեմբերի 9-ին Մոսկվայում հայտարարված հումանիտար հրադադարին` Ադրբեջանը շարունակում է ինտենսիվորեն հարձակվել մեր քաղաքների և գյուղերի վրա` խախտելով իր պարտավորությունները»,-հայտարարել է պատգամավորը, ապա հավելել, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանն արդեն անհապաղ միջոցառումներ կիրառելու վերաբերյալ երկու որոշում է հրապարակել, բայց Ադրբեջանը շարունակում է դրանք չկատարել:

«Կոչ եմ անում միջազգային հանրությանը և յուրաքանչյուրիդ՝ անհատապես, խստորեն դատապարտել Ադրբեջանի զինված ուժերի կողմից շարունակվող վայրագությունները և համապատասխան պատիժներ փնտրել հանցագործների համար»,- հայտարարել է իմքայլական պատգամավորը:

--00—ԼՄ