Վնասված զինտեխնիկայի նորոգումից՝ հարվածային միջոցների արտադրություն. ի՞նչ է անում ԲՏԱՆ-ն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 13, 24News

Հակոբ

ԲՏԱ նախարար Հակոբ Արշակյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել.

«Ձեր բազմաթիվ հարցերին ի պատասխան` ցանկանում եմ տեղեկացնել, որ ադրբեջանաթուրքական ագրեսիայի և պաշտպանության բանակի հերոսական հակազդեցության այս օրերին ռազմարդյունաբերական ընկերություններն աշխատում են ուժերի գերլարումով. վնասված զինտեխնիկայի վերանորոգումից մինչև հարվածային և պաշտպանական միջոցների արտադրություն, փորձանմուշների ռազմական իրավիճակներում փորձարկումներից մինչև նոր խնդիրների լուծում։ Ասվածը նաև վերաբերվում է հարվածային և հետախուզական ԱԹՍ֊ների մշակումներին։

Ցավոք չեմ կարող ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, սակայն կարող ենք փաստել, որ շատ աշխատանքներ 24֊ժամյա ջանքերի շնորհիվ պլանավորվածից անգամներ ավելի մեծ տեմպերով են արվում, որպեսզի օր առաջ հասանելի դառնան զինված ուժերին»։

Հիշեցնենք, որ Մոսկվայում ՌԴ-ի, Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների միջև մոտ 10 ժամ տևած բանակցությունից հետո՝ հոկտեմբերի 10-ի գիշերը, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ներկայացրեց կողմերի միջև համաձայնեցված հայտարարությունը: Ըստ այդմ՝

  1. Հայտարարվում է կրակի դադարեցման մասին՝ 2020 թ. հոկտեմբերի 10-ի, 12:00-ից՝ մարդասիրական նպատակներով՝ ռազմագերիների և այլ պահվող անձանց և զահվածների մարմինների փոխանակման համար՝ Միջազգային կարմիր խաչի միջնորդությամբ և չափորոշիչների համաձայն:
  2. Հրադադարի ռեժիմի կոնկրետ պարամետրերը կհամաձայնեցվեն հավելյալ:
  3. Ադրբեջանի Հանրապետությունը, Հայաստանի Հանրապետությունը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ, կարգավորման բազային սկզբունքների հիման վրա, սկսում են շոշափելի (субстантивный) բանակցություններ՝ խաղաղ կարգավորման նպատակով:
  4. Կողմերը հաստատում են բանակցային գործընթացի ձևաչափի անփոփոխելիությունը։

Անտեսելով հոկտեմբերի 10-ի՝ ժամը 12:00-ից մարդասիրական նպատակներով հայտարարված կրակի դադարեցումը՝ ադրբեջանական ստորաբաժանումները նույն օրը՝ ժամը 12:05-ին գրոհ էին ձեռնարկել: Մարտերը շարունակվում են:

--00—ԼՄ