Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն այլընտրանք չունի. Էդվարդ Նալբանդյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

նալբանդյան.jpeg

ՀՀ ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը (2008-2018) Armeniasputnik.am կայքում հեղինակային հոդված է հրապարակել այն մասին, թե ինչպես է իր պաշտոնավարման տարիներին ընթացել բանակցային գործընթացը:

Ադրբեջանը բանակցային գործընթացում երկար տարիներ առավելապաշտական մոտեցում է ցուցաբերել: Արդյո՞ք Բաքվի այդ մոտեցումն ընդունելի է եղել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների համար: Իհարկե ոչ:

Ինչ էր ներառված բանակցային գործընթացում 2008 - 2018 թթ. 

Աշխատանքային բոլոր փաստաթղթերը, որոնք առաջարկվել են համանախագահների կողմից և դարձել կողմերի համար բանակցությունների առարկա, նախատեսում էին Լեռնային Ղարաբաղի խնդրի փաթեթային լուծում՝ կարգավորման բոլոր բաղադրիչների փոխկապակցվածության փուլային իրականացմամբ, այդ թվում՝ ԼՂ վերջնական կարգավիճակի որոշումը քվեարկության միջոցով, որը արտահայտում է ԼՂ բնակչության ազատ կամքի դրսևորում և որն ունի միջազգային-իրավական պարտադիր բնույթ: Ընդ որում՝ արձանագրվել է, որ քվեարկության դրվող հարցի կամ հարցերի ձևակերպումները ոչնչով չեն սահմանափակվի՝ ենթադրելով ցանկացած կարգավիճակի ընտրության հնարավորություն: 

Հայկական կողմն այս ամբողջ ժամանակահատվածում չի քննարկել հակամարտության կարգավորման որևէ աշխատանքային փաստաթուղթ, որը չի նախատեսել ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրականացում: Եվ պատահական չէ, որ Հայաստանի ղեկավարությունը բազմիցս հայտարարել է, որ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում:

Այդ ժամանակահատվածում ԼՂ կարգավորման հարցում տեղի են ունեցել կոնցեպտուալ փոփոխություններ: ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարների հայտարարությունները, որոնք ընդունվել են Լ'Աքվիլում (2009), Մուսկոկում (2010), Դովիլում (2011), Լոս Կաբոսում (2012) և Էնիսկիլենում (2013), որպես ԼՂ կարգավորման կարևոր հիմք հստակ ամրագրել են ժողովրդի ինքնորոշման իրավունքը, ինչը տարիներ շարունակ եղել է Երևանի դիրքորոշման անկյունաքարը: Այդ հայտարարություններում ընդգծվում է այն, ինչը դրված է եղել համանախագահների կողմից առաջարկված աշխատանքային բոլոր փաստաթղթերում, այն է՝ Արցախի կարգավիճակը պետք է որոշվի ԼՂ բնակչության ազատ կամարտահայտության ճանապարհով: Դիրքորոշումը, որով Հայաստանը հանդես է եկել տարիներ շարունակ, վայելել է միջազգային հանրության աջակցությունը:

Եթե Ադրբեջանը տարիներ շարունակ պնդել է, որ ԼՂ խնդրի կարգավորումը պետք է հիմնված լինի միայն տարածքային ամբողջականության սկզբունքի վրա, ապա միջազգային հանրությունը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների (Ռուսաստանի Դաշնություն, ԱՄՆ և Ֆրանսիա) շուրթերով հայտարարել է, որ հակամարտությունը պետք է լուծվի միջազգային իրավունքի մեկ ամբողջականություն ներկայացնող 3 սկզբունքների՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառման, տարածքային ամբողջականության, իրավահավասարության և ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հիման վրա, և որ այս սկզբունքներից որևէ մեկին առաջնային նշանակություն տալու փորձերը կձախողեն խաղաղ կարգավորումը:

Բանակցությունների ընթացքում ավելի քան երեք տասնյակ էական փոփոխություններ են մտցվել ԼՂ հակամարտության կարգավորման Հիմնական սկզբունքներում, որոնք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների կողմից առաջարկվել են 2007թ. նոյեմբերին Մադրիդում:

Հայաստանը բազմիցս ընդգծել է, որ համապարփակ և երկարատև կարգավորումն անհնար է առանց ԼՂ մասնակցության: Եվ դա արտացոլվել է բանակցային գործընթացի բոլոր աշխատանքային փաստաթղթերում:

Ադրբեջանը հակամարտության կարգավորման մոտեցումներում գործնականում իրեն հակադրել է ոչ միայն Հայաստանին, այլ ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրներին՝ հրաժարվելով համանախագահների առաջարկած բոլոր աշխատանքային փաստաթղթերից:

I. 2008թ. ապրիլից մինչև 2008թ. նոյեմբերի 2-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից Մայնդորֆյան հռչակագրի ընդունումը Բաքուն փաստացի հրաժարվում էր բանակցություններ վարել Մադրիդյան փաստաթղթի՝ «ԼՂ հակամարտության կարգավորման հիմնական սկզբունքներ»-ի հիման վրա:

II. 2008թ. դեկտեմբերից մինչև 2011թ. հունիսի 24-ը (Կազանում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողով) կողմերը Ռուսաստանի և ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ բանակցություններ են վարել «Հիմնական սկզբունքների» համաձայնեցման շուրջ: Կայացել է նախագահների 12 երկկողմ (Հայաստան և Ադրբեջան) և եռակողմ (Ռուսաստան, Հայաստան և Ադրբեջան) հանդիպում, արտաքին գործերի նախարարների երեք տասնյակ հանդիպում:

Ադրբեջանը յուրաքանչյուր անգամ հետքալ էր անում ձեռք բերված պայմանավորվածություններից: Գագաթնակետը դարձավ Կազանի գագաթնաժողովը, երբ, միջնորդների սպասումներին հակառակ, Ադրբեջանը փաստորեն հրաժարվեց հիմնականում արդեն համաձայնեցված տեքստից՝ առաջ քաշելով 12 փոփոխություն:

III. 2011թ. հուլիսից (Ս. Լավրովի այցը Երևան և Բաքու) մինչև Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի նախագահների գագաթնաժողովը 2012թ. հունվարի 23-ին Սոչիում Ռուսաստանը և համանախագահները փորձում էին համոզել կողմերին շարունակել բանակցային գործընթացը, վերադարձնել այն կառուցողական ուղի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների և դրույթների հիման վրա, որոնք առկա են ԼՂ վերաբերյալ ԵԱՀԿ համանախագահ երկրների ղեկավարների հայտարարություններում: Սակայն Ադրբեջանը դրանից էլ հրաժարվեց:

IV. 2012-2013թթ. չնայած համանախագահող երկրներ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, ինչպես նաև մի շարք միջազգային կազմակերպությունների՝ «Հիմնական սկզբունքների» համաձայնեցումը շարունակելու, արագացնելու և ավարտելու վերաբերյալ բազմաթիվ կոչերին, Ադրբեջանը մերժել է համանախագահների առաջարկած բոլոր տարբերակները՝ հայտարարելով դրանց համաձայնեցման անպիտանության մասին, և առաջարկելով անցնել անմիջապես խաղաղ համաձայնագրի մշակմանը: Համանախագահները և հայկական կողմը կասկած են հայտնել համաձայնագրի մշակման հնարավորության հարցում, երբ չի հաջողվում համաձայնեցնել նույնիսկ կարգավորման հիմնական սկզբունքները:

Աշխատանքային փաստաթղթերը, որոնք համանախագահները պատրաստել են 2007թ. նոյեմբերից մինչև 2011թ. հունիսը (որպես առաջին քայլ հակամարտության կարգավորման Հիմնական սկզբունքների տեսքով այն նպատակով, որ դրանց համաձայնեցումից հետո դրա հիման վրա կմշակվի խաղաղ համաձայնագիր, որը կունենար իրավաբանորեն պարտավորեցնող բնույթ) ԵԱՀԿ գլխավոր քարտուղարին են փոխանցվել Վիեննայում պահման համար:

V. 2014թ. մինչև 2016թ. մարտ Ռուսաստանը և համանախագահները փորձել են վերսկսել «բարձրաձայն մտածելու մակարդակով» հանգուցալուծումների որոնման շուրջ ջանքերը: Կազանի գագաթնաժողովում քննարկված «Հիմնական սկզբունքների» նախագծից հետո բանակցային սեղանին չկար աշխատանքային փաստաթուղթ, որը կդառնար կողմերի միջև բանակցությունների առարկա: ԵԱՀԿ-ում պահման տված վերջին փաստաթուղթը եղել է Կազանի փաստաթուղթը: Պատահական չէ, որ Սերգեյ Լավրովը բազմիցս հայտարարել է, որ «ԵԱՀԿ-ում պահվող փաստաթղթից բացի որևէ այլ փաստաթուղթ գոյություն չունի»:

«Ոչ մի «Լավրովի փաստաթուղթ» կամ ինչ-որ մեկ ուրիշի փաստաթուղթ չկա…Որոնում է ընթանում, գաղափարների մակարդակով «ուղեղային գրոհ»» (Ս. Լավրովի հայտարարությունը 2016թ. հունվարի 27-ին): Սակայն Ադրբեջանը չընդունեց նաև հանգուցալուծումներ գտնելու այս գաղափարները: (Ամենայն հավանականությամբ, նոր աշխատանքային փաստաթուղթ կարելի է համարել Ս. Լավրովի կողմից հիշատակված (2020թ. ապրիլի 21-ի հայտարարությունը) փաստաթուղթը, որը 2019թ. ապրիլին փոխանցվել է կողմերին և որը, նրա խոսքով, այդ ժամանակից ի վեր դարձել է բանակցությունների առարկա: Չի բացառվում, որ դրանից հետո առաջարկվել են նաև այլ փոփոխություններ):

VI. 2016թ. ապրիլից մինչև 2018թ. ապրիլ: Ձախողվելով ԼՂ կարգավորման վերաբերյալ դիվանագիտական բանակցություններում՝ Ադրբեջանը 2016 ապրիլի սկզբին լայնածավալ ագրեսիվ գործողություններ ձեռնարկեց ԼՂ դեմ՝ փորձելով ուժային մեթոդներով պարտադրել իր մոտեցումները բանակցային գործընթացի շրջանակում: Մարտական գործողությունները սկսելուց երեք ու կես օր անց՝ ապրիլի 5-ին, Մոսկվայում ձեռք բերվեց կրակի դադարեցման ռեժիմի վերականգնման վերաբերյալ բանավոր պայմանավորվածություն՝ 1994-1995թթ. հրադադարի մասին եռակողմ անժամկետ համաձայնագրերի հիման վրա, որից հետո համանախագահները մի քանի հայտարարություն արեցին այդ համաձայնագրերին անվիճելիորեն հետևելու անհրաժեշտության մասին:

Բաքվին չհաջողվեց հասնել իր առջև դրված ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական նպատակներին: Վիեննայում (2016թ. մայիսի 16-ին), Սանկտ Պետերբուրգում (2016թ. հունիսի 20-ին) գագաթնաժողովների արդյունքները, ինչպես նաև դրանց հաջորդող ԵԱՀԿ ՄԽ համանախագահների բազմաթիվ հայտարարությունները, այդ թվում՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարների Համատեղ Հայտարարությունները 2016թ. դեկտեմբերին ԵԱՀԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի շրջանակում և 2017թ. դեկտեմբերին Վիեննայում, դրա հաստատումն են»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

--00--ԱԹ