Անհապաղ հանդիպում պետք է կազմակերպել զինվորականների միջև և համաձայնեցնել հրադադարը 

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 15, 24News

Զախարովա

«Մոսկվայում բանակցություններին հաջորդած օրերին մի շարք հեռախոսզրույցներ են կայացել ՌԴ ղեկավարության և Բաքվի ու Հայաստանի գործընկերների միջև՝ նախագահների, ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների մակարդակով»,- այս մասին, ամենշաբաթյա ճեպազրույցի ընթացքում, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Զախարովան նշել է, որ անհապաղ հանդիպում պետք է կազմակերպել զինվորականների միջև, համաձայնեցնել հրադադարի հաստատման մեխանիզմները: 

«Առաջարկները, որոնք մշակել և շարունակում են մշակել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, դրված են բանակցությունների սեղանին, որոնց բովանդակությունն է համապատասխան շրջանների աստիճանաբար ազատումը՝ անվտանգության պահպանման, Հայաստանի և Ղարաբաղի միջև հուսալի կապի ապահովման երաշխիքների պարագայում, քանի դեռ չի որոշվել Ղարաբաղի վերջնական կարգավիճակը»,- ասել է Զախարովան:

ՌԴ ներկայացուցիչը նշել է, որ այսօրվա դրությամբ առաջնային նպատակներն են արյունահեղության լիակատար դադարեցումը և անցումը բանակցային գործընթացին։

«Այդ առնչությամբ մենք բազմիցս կոչ ենք արել բոլորին, ովքեր այս կամ այն կերպ կապված են հակամարտության հետ և անմիջական հակամարտող կողմերին՝ անել ամեն ինչ, որ բոլոր հայտարարությունները ծառայեն վերոնշյալ նպատակների իրականացմանը», -հավելել է ԱԳՆ ներկայացուցիչը:  

--00--ԱՀ