Կորոնավիրուսն ուժգնացնում է հարձակումը, մինչև ի հայտ կգա ուժեղ պատվաստանյութը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News 

կորոնավիրուս

Կորոնավիրուսի տարածման արագությունն աշխարհում վերջին օրերին գրանցել է մեծ աճ: Մինչ այժմ վարակվածների թիվը հասել է 38 միլիոնի, որոնցից կյանքին հրաժեշտ են տվել 1 միլիոն 100 հազարը: Այս մասին գրել է Ամերիկայի ձայնը։

ԱՀԿ-ի տնօրենի խոսքերով, անցած շաբաթվա ընթացքում նոր բոլոր դեպքերի 70 տոկոսը գրանցվել է տասը, բոլոր դեպքերի ուղիղ կեսը` երեք երկրներում: Թեդրոս Գեբրեյեսուսը համամիտ չէ այն կարծիքին, որ համատարած վարակվածության դեպքում կարող է առաջ գալ համատարած իմունիտետ եւ համաճարակը կարող է այդ եղանակով վերանալ:

Նա հիշեցնում է, որ համատարած իմունային պայքար ասելով նկատի պետք է ունենալ ոչ թե համատարած վարակվելու հանգամանքը, այլ համատարած պատվաստումները: ‘’Օրինակ, կարմրուկի դեմ հարկավոր է, որ պատվաստումների ենթարկվի մարդկանց մոտ 95 տոկոսը, որպեսզի հիվանդությունը վերանա’’, ասում է նա: Նրա խոսքերով, պոլիոմելիտի դեպքում հարկավոր է 80 տոկոսը: Այսինքն, այսպես կոչված հավաքական իմունիտետը ձեռք է բերվում մարդկանց վիրուսից պաշտպանելու, այլ ոչ թե նրանց այդ վարակով վարակելու եղանակով:

Մտահոգիչ հանգամանք է իր ստեղծած պատվաստանյութի փորձարկումները ժամանակավորապես դադարեցնելու մասին դեղագործական Johnson & Johnson ընկերության որոշումը: Հիշեցնենք, որ այդ քայլին ընկերությունը գնաց, երբ փորձնական պատվաստանյութն ընդունած անձանցից մեկի մոտ հայտնաբերվեց անբացատրելի ինչ որ հիվանդություն:

Վարակի տարածման նոր արագությունը ստիպել է, որ Փարիզում նորից հաստատվի պարետային ժամ: Խստացումներ են սպասվում Իսպանիայում եւ Մեծ Բրիտանիայում: Այստեղ արգելվելու են վեց հոգուց ավելի մարդաշատ հավաքները: Պարետային ժամ է հայտարարվելու ժամը 22-ից հետո:

Մարդկությունը սպասում է պատվաստանյութին:

--00—ՄՀ