Աշխարհազոր ստեղծելն այլևս անհրաժեշտություն է․ Արա Զոհրաբյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News 

Արցախ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Աշխարհազոր ստեղծելու գաղափարը նախկինում քննարկվել է:
Աշխարհազորը քաղաքացիների կամավորության և տարածքային սկզբունքով զինված ուժերին օժանդակող համակարգ է:

Աշխարհազոր ստեղծելն այլևս անհրաժեշտություն է:
Պետք է օրենքով ստեղծել աշխարհազորը և կազմակերպել քաղաքացիների ներգրավումը, նախապատրաստումը և զինումը: Իր տեղանքին ծանոթ աշխարհազորայինն ավելի արդյունավետ կարող է պատերազմել կամ պահել թիկունքը:

Զորահավաքի կազմակերպման ժամանակ կարելի է հնարավորություն տալ մեր ռազմիկներին ներգրավվել ընկերների հետ միասին՝ հաշվի առնելով նրանց զինվորական մասնագիտացումը: Ընկերների հետ պաշտպանությանը մասնակցող ռազմիկն ավելի արդյունավետ և խիզախ է մարտնչելու»: 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ