ՀՀ և Արցախի ղեկավարներից ոչ մեկը չի ստորագրել կարգավորման որևէ փաստաթուղթ. Կարապետյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 16,  24News

Աննա Կարապետյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Աննա Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում հետևյալ գրառումն է արել.

«Հայաստանի և Արցախի նախկին ղեկավարներից ՈՉ ՄԵԿԸ չի ստորագրել կարգավորման որևէ փաստաթուղթ: 1992-ից ի վեր ստորագրվել է բացառապես 1994-1995-ի Հրադադարի եռակողմ համաձայնագիրն ու դրա ամրապնդման միջոցառումները:

1997-ից առ այսօր միջնորդների կողմից հակամարտության կողմերին պաշտոնապես առաջարկվել և քննարկվել են մի քանի փաթեթներ՝ Փաթեթային կարգավորում, Փուլային կարգավորում, Ընդհանուր պետություն, Մադրիդյան սկզբունքները՝ իրենց բազմաթիվ խմբագրումներով, որոնցից մեկն էլ Կազանի փաստաթուղթն էր: Առաջին երեք դեպքերում (1997-1998թթ) Արցախը մնում էր Ադրբեջանի կազմում: Եվ միայն 2009-ին հանրայնացված Մադրիդյան սկզբունքներով է նախատեսված Արցախի կարգավիճակի որոշում հանրաքվեի միջոցով:

Փաստացի, վերջին փաստաթուղթը, որը քննարկել են կողմերը և փորձել հասնել դրա ստորագրմանը, եղել է «Կազանի փաստաթուղթը», որը հիմնված էր «տարածքներ կարգավիճակի դիմաց» սկզբունքի վրա: Սակայն այն չի ստորագրվել Ադրբեջանի ապակառուցողականության պատճառով: Ինչպես իր հոդվածում նշել էր ՀՀ ԱԳ նախկին նախարար Է.Նալբանդյանը, դրանից հետո սեղանին փաստաթուղթ չի եղել, բանավոր մտքեր են պարբերաբար փոխանակվել:

2016-ի Ապրիլյան պատերազմի նախաշեմին սկսեց խոսվել «Լավրովի պլանի» մասին, որը ենթադրում է փուլային կարգավորում: Սակայն, այն երբևէ հստակ ձևակերպված փաստաթղթի տեսք չի ստացել, հայկական կողմերն էլ դրա վերաբերյալ կարծիք չեն արտահայտել: Դրա փոխարեն, հայկական կողմերը մշտապես շեշտել են կարգավիճակի հարցի լուծման առաջնահերթությունը:

2016-ի Ապրիլյան պատերազմի սանձազերծումն ավելի է մեծացրել Ադրբեջանի վրա միջնորդների ճնշումը՝ որպես պատասխան իր ապակառուցողականությանը, և Ալիևը ստիպված է եղել գնալ Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի, Ժնևի պայմանավորվածություններին՝ հետաքննության մեխանիզմների ներդրման մասին: Զուգահեռ 2016-ի հոկտեմբերին Ալիևը խոստովանել է, որ իրեն ստիպում են ճանաչել Արցախի անկախությունը: Ինչը նշանակում է, որ առաջարկվող կարգավորման տարբերակը ենթադրել է կարգավիճակի հարցի կարգավորում ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա, այսինքն՝ Արցախի անկախության հռչակմամբ և ճանաչմամբ:

2016-2018թթ-երին բովանդակային բանակցություններ կարելի է ասել գրեթե չեն եղել:

Եվ մի քանի ընդհանուր դիտարկում.

Տարածքների վերադարձի հարցը դիտարկվել է բոլոր փաթեթներում և առաջարկներում: Սկզբունքայինը «ինչի դիմաց»-ն է՝ խաղաղությա՞ն, անորոշ հեռանկարի՞, կարգավիճակի որոշման հստակ համաձայնեցված մեխանիզմի՞, թե՞ անկախության ճանաչման:

Նշված փաթեթներից ոչ մեկն իդեալական չի արտահայտել հայ ժողովրդի իղձերն ու երազանքները, բայց շատ դեպքերում բանակցելն ու կառուցողական լինելը շատ ավելի մեծ դիվիդենտներ է տվել հայկական կողմերին՝ թույլ տալով կանխել պատերազմը և շարունակական ու հետևողական աշխատանքի արդյունքում քայլ առ քայլ էլ ավելի բարձրացնել մեր պահանջների նշաձողը:

Ներկայիս պատերազմական իրավիճակում, երբ Ռուսաստանի ջանքերով ձեռք է բերվել հրադադար հաստատելու պայմանավորվածություն, սակայն այն ցինիկաբար չի պահպանվում Ալիևի կողմից, և Ադրբեջանը, այդ թվում՝ Թուրքիայի դրդմամբ, նորանոր սադրանքների է գնում, չի կարող չկարևորվել պայքարի տեղեկատվական բաղկացուցիչը:

Ալիևը գրեթե ամենօրյա ռեժիմով սուտ և կեղծիք է տարածում ոչ միայն ռազմի դաշտում իրադրության, այլև բանակցային գործընթացի մասին՝ ցանկալին ներկայացնելով որպես իրականության: Լավրովն, իր հերթին, վերջին հարցազրույցում, կարծես բացահայտելով շատ հարցեր, չբացեց Արցախի կարգավիճակի հետ կապված փակագծերը՝ չնայած այսօր դա շատ անհրաժեշտ էր:

Այս ամենի ներքո Նալբանդյանի հոդվածը, լույս սփռելով մանրամասների վրա, փաստագրական պատասխանն էր Ալիևի (և ոչ միայն) բոլոր շահարկումներին և ակնհայտ կեղծիքներին: Այսօր փաստերով խոսելն առավել քան կարևոր է»:

--00--ԱԹ