Դիմում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին`գործելու իր մանդատին համահունչ. հայտարարություն

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

քաղաքական

Հայաստանյան մի շարք հասարակական կազմակերպություններ ու ակտիվիստներ Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ են ուղղել:

Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը.

«Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպությունները եւ անհատները, այս հայտարարությամբ արտահայտում ենք մեր լուրջ հիասթափությունը Արցախում (Լեռնային Ղարաբաղում) բնակվող ժողովրդի նկատմամբ իրականացվող պատերազմական հանցագործությունների եւ վայրագությունների հանդեպ միջազգային կազմակերպությունների անտարբերության հետ կապված:

Համոզված ենք, որ ՄԱԿ-ի կանոնադրությունը, Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը, միջազգայնորեն ընդունված նորմերն ու սկզբունքները, ներառյալ միջազգային սովորույթային իրավունքով նախատեսված ռազմական հանցագործությունների բացարձակ արգելումը, ստեղծում են եւ՛ բարոյական, եւ՛ իրավական լիազորություններ ՄԱԿ-ի բոլոր սուբյեկտների/մարմինների համար խոսել նաեւ չճանաչված տարածքների ժողովուրդների մասին: Մարդկային կյանքը կարեւոր է՝ անկախ քաղաքականությունից, փողից եւ սահմաններից: Հնարավոր էթնիկական զտումները եւ հումանիտար ճգնաժամը պետք է կանխվեն՝ անկախ նրանից տվյալ տարածքը ճանաչված է, թե ոչ:

Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսի եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեի ժամանակին արված հայտարարությունները, բայց գիտենք, որ իրադարձությունները պահանջում են ավելի ակտիվ եւ խորը ներգրավում առանց հետագա հապաղումների` կանխելու մարդկային լրացուցիչ տառապանքները:

Մենք դիմում ենք Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակին` գործելու իր մանդատին համահունչ` ակտիվ դիրքորոշում ունենալով պատերազմը դադարեցնելու, հակամարտությունը բանակցությունների միջոցով լուծելու եւ տարածաշրջանում հումանիտար ճգնաժամը կանխելու հարցում:

Մասնավորապես, մենք հորդորում ենք ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին՝

1․ Խորությամբ ուսումնասիրել եւ հստակ դատապարտել Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից ռազմական հարձակումը եւ վարձկանների տեղակայումը տարածաշրջանում եւ քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու նրանց ագրեսիան, որը հանգեցնում է Արցախում էթնիկ զտումների,

2․ Հնարավորություններ ստեղծել եւ կազմակերպել միջազգային ներկայացուցիչների այցը Արցախի տարածք` խաղաղ բնակավայրերում միջազգային մարդասիրական իրավունքի խախտումների եւ վայրագությունների վերաբերյալ ապացույցներ հավաքելու եւ փաստաթղթավորելու համար,

3․ Օգնություն ցուցաբերել Հայաստանի կառավարությանը՝ հաղթահարելու Ադրբեջանի եւ Թուրքիայի հրահրած պատերազմի արդյունքում կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում առաջացած խնդիրները,

4․ Երաշխավորել, որ Հայաստանի կառավարությանը մատուցվի պատշաճ մարդասիրական օգնություն` Արցախի տեղահանված մարդկանց աջակցություն ցուցաբերելու համար,

5․ Աշխատել Բաքվում գործող գործընկերների հետ եւ մշակել տարածաշրջանում ատելության, ռազմական գործողությունների եւ պատերազմի քարոզչության չեզոքացման ծրագիր, ինչպես սահմանված է Քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրի 20-րդ հոդվածով:

Հայտարարությանը միանալու համար սեղմեք հետեւյալ հղումը:

--0--ԿԿ