Մենք կառուցել ենք դպրոցներն ու եկեղեցիները, որ այսօր ռմբակոծում է Ադրբեջանը. Կարապետյան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17, 24News

Սամվել Կարապետյան

«Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի մեղադրանքները՝ Լեռնային Ղարաբաղին զենք մատակարարելու վերաբերյալ, անհիմն ու աբսուրդային է անվանել: Կարապետյանը հիշեցրել է՝ ինքը մշտապես հանդես է եկել տարածաշրջանում խաղաղության օգտին:

Ադրբեջանի նախագահն ավելի վաղ մեղադրել էր հայ մեծահարուստ գործարարներին, նրանց թվում նաև Սամվել Կարապետյանին՝ հայտարարելով, թե իբր վերջիններս քաղաքացիական ինքնաթիռներով ԼՂ հակամարտության գոտի զենք են տեղափոխում: 

«Ադրբեջանի նախագահի մեղադրանքները բացարձակ անհիմն ու աբսուրդ են, դա իսկական ֆեյք-նորություն է: Ինձ հատկապես մտահոգում է այն հանգամանքը, որ նման հայտարարությունները հնչեցվում են բարձր մակարդակով: Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ ես միշտ ԼՂ-ում խաղաղության կոչ եմ արել, և դա արել եմ թե խոսքով, թե գործով»,- ասել է նա:

Կարապետյանը հավելել է, որ ինքը եղել է այն մարդկանց թվում, ովքեր տարածաշրջանում սոցիալական օբյեկտներ են կառուցել:

«Ի դեպ, մենք կառուցել ենք այն հիվանդանոցները, դպրոցները, մանկապարտեզներն ու եկեղեցիները, որ այսօր ռմբակոծում է ադրբեջանական բանակը՝ չխնայելով խաղաղ բնակիչներին: Ուզում եմ կրկին իմ դիրքորոշումը հայտնել. այս հակամարտությունը կարելի է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով և Ռուսաստանի միջնորդությամբ»,- ասել է նա:

--00--ԱԹ