Պատերազմ՝ ԼՂ-ում. ինչո՞ւ է ՆԱՏՕ-յական Թուրքիան յուղ լցնում կրակի մեջ. Eadaily-ի անդրադարձը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 18, 24News

 

1
Eadaily-ի հոդվածագիր Իրակլի Չխեիձեն անդրադարձել է ԼՂ-ում տեղի ունեցող իրադարձություններին՝ նշելով, որ ամբողջ աշխարհն ուշադրությամբ հետևում է ողբերգական իրադարձություններին, որի բնակիչները երկար հազարամյակներ ստիպված են եղել պայքարել անհամար օտարերկրյա զավթիչների դեմ:

«Շատ են խոսում պետական սահմանների անձեռնմխելիության և տարածքային ամբողջականության սկզբունքի մասին, բայց ոչ ոք չի խոսում մեկ այլ սկզբունքի՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի մասին, որը շատ ավելի կարևոր է հումանիստական տեսանկյունից»,-գրում է հոդվածագիր Իրակլի Չխեիձեն, ապա նկատում, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան, որն արդեն մեկ դարից ավելի պատասխանատվություն է կրում մի ամբողջ ժողովրդի ցեղասպանության համար, ոչ միայն չի պատրաստվում ճանաչել այն և ապաշխարել, այլև 21-րդ դարում փորձում է կրկնել հանցանքը:

«Լեռնային Ղարաբաղում այսօրվա պատերազմը շատ կողմեր ունի, որոնք դիտարկվում են բազմաթիվ փորձագետների և քաղաքական գործիչների կողմից, սակայն, մեր կարծիքով, չափազանց կարևորներից մեկը մնում է կադրից դուրս: Դա կատարվելիք հանցագործության համար ՆԱՏՕ-ի պատասխանատվության հարցն է։ Ինչո՞ւ է այդ պատերազմը հանցագործություն։ Քանի որ հսկայական թվային առավելություն ունեցող ադրբեջանական բանակը  սպառազինության մեջ նույնպես հսկայական առավելություն ունի, քանզի երկար տարիներ գնում է սպառազինության նորագույն նմուշները»,- գրում է հոդվածագիրը, ապա նկատում. «Եթե ՆԱՏՕ-ն չի ցանկանում պատասխանատվություն ստանձնել ցեղասպանության և մարդկանց ոչնչացման համար, որոնք պայքարում են իրենց ազատության, նախնիների հայրենի հողի և պարզապես ապրելու իրավունքի համար, ապա դաշինքի ղեկավարությունը պետք է պարզ հասկանա, որ «կոչերով», «անհանգստությամբ» և այլ բառակապակցություններով իրավիճակը չի կարող փոխել, առավել ևս, որ նեոսուլթան Էրդողանը, ինչպես մյուս բոլոր սուլթանները, արյուն տեսնելիս մոլուցքի մեջ է ընկնում»:

Իրակլի Չխեիձեն նաև նկատում է, որ այսօր ադրբեջանական բանակը՝ մինչև ատամները զինված հեռահար հրթիռներով և հրետանիներով, հզոր ավիացիայով, նորագույն մարտական անօդաչու թռչող սարքերով, տանկերով, այնուամենայնից, առանց մեծ հաջողության իրականացնում է «Լեռնային Ղարաբաղը հայկական շրջափակումից ազատագրելու» օպերացիան:

«Այն պատմական փաստը, որ հայերն այդ հողերում ապրել են ադրբեջանցիների հայտնվելուց հազարավոր տարիներ առաջ, նշանակություն չունի, քանի որ այսօր արդարությունն ավելի ուժեղին է բաժին ընկնում»,- գրում է հոդվածագիրը, ապա փաստում, որ, չնայած ուժերի մեծ գերազանցությանը, ադրբեջանական բանակը ոչ մի զգալի հաջողությունների չի հասնում մարտադաշտում, իսկ արցախցիները ռազմական փորձագետներին զարմացնում են իրենց ռազմական հմտություններով և վարպետությամբ։

«Պարզ է, որ այդ մարդիկ մինչև վերջ պայքարելու են իրենց հողի, տների և ընտանիքների համար»,- գրում է հոդվածի հեղինակը։

--00—ԼՄ