Թուրքիայի ներկայությունը ղարաբաղյան հակամարտությունում արմատապես փոխում է ամեն ինչ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19,  24News

նախագահ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականին.

- Ադրբեջանական կողմը ցանկություն է հայտնել, որ Թուրքիան ավելի ակտիվ դերակատարություն ունենա Մինսկի գործընթացում: Հայաստանի տեսանկյունից ինչպիսի՞ սպառնալիք կա այս հարցում։

Արմեն Սարգսյան -  Թուրքիան չի կարող միջնորդ լինել, նա բացահայտորեն աջակցում է Ադրբեջանին, ինչը անում է շատ կոպիտ և, սկզբունքորեն, արդեն իսկ հակամարտության կողմ է դարձել: Թուրքական զինուժը և տեխնիկան մասնակցում են այդ գործողություններին (ադրբեջանական բանակի - «Կոմերսանտ»): Թուրքական անօդաչու թռչող սարքերն ամեն օր թռչում են այդ սարերի վրա: Թուրքական ռազմական ինքնաթիռներն ամեն օր թռչում են: Ինչպե՞ս կարող են թուրքերը միջնորդ լինել:

Երբ խոսում ենք ներկայիս պատերազմի մասին, չպետք է մոռանանք, որ այն տարբերվում է առաջինից: Ռազմական գործողությունների ինտենսիվությունը շատ ավելի բարձր է, փոխվել է հակամարտության բնույթը: Ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 27-ին՝ ղարաբաղյան խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պատրվակով: Բայց իրականում, եթե նայեք ադրբեջանա-թուրքական կողմի նպատակներին, ապա ակնհայտ է, որ խոսքը միայն Ղարաբաղի մասին չէ:

Թուրքիան իբր թե եկել է օգնելու «եղբայրական Ադրբեջանին»՝ ասելով, թե՝ «տղաներ, չեք կարող ինքնուրույն լուծել Ղարաբաղի հարցը, եկեք ցույց տանք, թե ինչպես պետք է հարցը լուծել»: Մենք լսում ենք տարբեր արհեստական պատրվակներ՝ «եղբայրական հանրապետության» մասին, իբր հայկական կողմում կռվող քուրդ զինյալների մասին … Նրանք ասում են նաև, թե անհրաժեշտ է «ապահովել էներգետիկ երթուղիների անվտանգությունը»: Բայց սա բացարձակ անհեթեթություն է, քանի որ եթե հայերը ցանկանային կրակել էներգետիկ խողովակաշարերի վրա, ինչպիսիք են նավթի կամ գազի խողովակները, ապա դա կարող էին անել 20 տարի առաջ: Բայց ոչ մի կրակ չի արձակվել: Մինչդեռ, Ադրբեջանը Կասպից ծովից գազ ու նավթ է ստացել, միլիարդավոր դոլար վաստակել ու դրանցով զենք գնել: Եվ հիմա այդ զենքն օգտագործում է հայերին սպանելու համար:

Կարիք չկա ձեւացնել և ասել, թե իբր «մենք այստեղ ենք՝ ադրբեջանցիներին պաշտպանելու համար»: Թուրքիան այնտեղ է, քանի որ ցանկանում է կառավարել այդ խողովակաշարերը (նավթատար, գազատար - «Կոմերսանտ»): Եվ որքան հակամարտությունը երկար ձգվի, այնքան խորը կլինի Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում: Եվ դա կփոխի ամբողջ տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը: Թուրքիան կդառնա Ռուսաստանի հարևանը, որի հետ, ըստ էության, կունենա ցամաքային սահման: Թուրքիան կկառավարի դեպի Եվրոպա ձգվող նավթատարներն ու գազատարները: Սա նշանակում է, որ Թուրքիան հսկայական ազդեցություն կունենա Եվրոպայի էներգետիկ անվտանգության վրա: Նա նաև հսկայական ազդեցություն կունենա Կենտրոնական Ասիայի և կասպիական տարածաշրջանի վրա, քանի որ գազի և նավթի մի մասն այնտեղից է գալիս: Այսինքն՝ կհայտնվի մեջտեղում և կորոշի՝ «կուզեմ ձեզ նավթ կմատակարարեմ, չեմ ուզի՝ չեմ մատակարարի»: Կամ եվրոպացիներին կասի՝ «եթե ձեզ լավ պահեք, այնպես կանեմ, որ գազն ու նավթը ձեզ կհասնեն»: Այսինքն՝ Թուրքիան կկառավարի գազն ու նավթը, որոնք իրեն չեն պատկանում: Եթե նա նախկինում եղել է սպառող, այդ ժամանակ կդառնա կառավարող։ Դա նաև ժամանակակից Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության ավելի ընդարձակ մասն է կազմում: Եթե ձեզ հետաքրքրում է, կարող եմ նաև դրա մասին խոսել:

- Եթե կարճ, այո, իհարկե:

Արմեն Սարգսյան - Նայեք Թուրքիային: Եթե մի կողմ թողենք այն, ինչ ասում են իրենց «էթնիկ եղբայրների» մասին, այժմ ամենուր ոտնահարում են ստատուս քվոն և ստեղծում անկայունության օջախներ: Նրանք Եգիպտոսում ներգրավված էին հակամարտության մեջ «Մահմեդական եղբայրների» հետ: Նրանք այժմ Լիբիայում են: Որտե՞ղ է Թուրքիան, իսկ որտե՞ղ է Լիբիան, նրանց «էթնիկ եղբայրները» այնտե՞ղ են: Թուրքերն այնտեղ են առնվազն երկու նպատակով ՝ վերահսկողություն հարուստ էներգետիկ ռեսուրսների վրա և վերահսկողություն Աֆրիկայից դեպի Եվրոպա միգրացիոն դարպասի վրա: Թուրքիան ցանկանում է Եվրոպան պահել իր տնտեսական և հումանիտար տեսադաշտում: Այժմ այնտեղ մեծ թվով միգրանտներ են ապրում, ինչն իր մեջ այսպիսի ազդանշան ունի՝ «Ահա, պարոնայք Եվրոպայում, դուք խոսում եք մարդասիրական արժեքների մասին, և մենք մի քանի միլիոն միգրանտներ կուղարկենք ձեր երկրներ»: Թուրքերը ցանկանում են նաև վերահսկել Կասպից ծովի և Հյուսիսային Աֆրիկայից էներգետիկ հոսքերը: Այսինքն՝ սա մեծ խաղ է:

Եվ երբ Թուրքիան ասում է, թե ինքն այնտեղ է (հակամարտության գոտում - «Կոմերսանտ»)՝ օգնելու Ադրբեջանին լուծել տարածքային ամբողջականության հարցը ... Դե, կներեք, խնդրեմ։ Թուրքիան գրավում է Իրաքի մի մասը, իսկ ու՞ր մնաց Իրաքի տարածքային ամբողջականությունը: Թուրքիան գրավում է Սիրիայի մի մասը, իսկ ի՞նչ կասեք Սիրիայի տարածքային ամբողջականության մասին: Թուրքիան մեծ ակտիվություն է ցուցաբերում Հունաստանին պատկանող Միջերկրական ծովի հատվածում նավթահորերի շահագործման գործում: Նույնն անում է Կիպրոսում: Թուրքիան, ըստ էության, գրավեց Կիպրոսի կեսը: Ոչ ոք այն չճանաչեց (Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետություն - «Կոմերսանտ»): Երբ նրանք խոսում են չճանաչված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մասին, իսկ ի՞նչ կասեն Կիպրոսի թուրքական մասի մասին, այն ճանաչվա՞ծ է: Ինչու՞ է այնտեղ գտնվում թուրքական բանակը: Այնպես որ, ասել, որ սա զուտ ղարաբաղյան հակամարտություն է՝ իրական խնդրի պարզունակեցում է:

Եվ կրկին վերադառնալով ձեր հարցին՝ կա խնդրի լուծման միայն մեկ ճանապարհ՝ Մինսկի խմբի և բանակցությունների միջոցով: Հրադադարին հասնելու, իսկ հետո կողմերի միջեւ վստահությունը մեծացնելու համար (ապա, թերևս, նրանց միջև խաղաղապահներ կանգնեցնելու, օրինակ ՝ ռուսական), պետք է արվի մեկ բան ՝ բացառել Թուրքիային այս պատկերից: Նրա ներկայությունը բարդացնում և արմատապես փոխում է ամբողջ հակամարտությունը: Եթե Թուրքիան դուրս բերվի, ապա հակամարտությունը դառնում է հենց ղարաբաղյան՝ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Բայց Թուրքիայի ներկայությունը արմատապես փոխում է ամեն ինչ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ