ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է մարդասիրական օգնության կազմակերպումը 7/24 ռեժիմով։ Հոկտեմբերի 1-ից հումանիտար բեռներով Արցախ է ուղևորվել 40, իսկ դեպի Հայաստանի տարբեր բնակավայրեր՝ 107 բեռնատար։
Մարդասիրական օգնությունը համապատասխան լիազոր մարմինների միջոցով բաշխվել է Արցախի Հանրապետության բնակիչներին և ժամանակավորապես Հայաստան եկած արցախցի ընտանիքներին: Նշենք, որ Հայաստանի տարբեր անկյուններից հումանիտար բեռների հոսքը շարունակվում է, ավելացել է արտերկրից ուղարկվող բեռների ծավալը։
Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։
Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։
--00—ՄՀ