ՍԴՀԿ-ն անխոհեմ է համարում 14 կուսակցությունների պահանջագիրը՝ ուղղված ՀՀ կառավարությանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News

քաղաքական

ՍԴՀԿ-ն հայտարարություն է ընդունել 14 կուսակցությունների հայտարարագիր-պահանջի վերաբերյալ, ուղղված ՀՀ կառավարությանը։

«Արցախյան նորագույն գոյամարտը եկավ կրկին ապացուցելու, որ այս օրհասական ժամին, մեր գոյության ու հաջողության միակ երաշխիքը մեր քաջարի զինվորի կամքն ու բազկի ուժն է մարտի դաշտում և համայն հայության միասնականությունն ու միակամությունը թիկունքում:

Առ այդ, մենք անխոհեմ և անտեղի ենք համարում 14 կուսակցությունների կողմից հրապարակված վերջին հայտարարություն- պահանջագիրը ուղղված Հայաստանի կառավարության: Ինչպիսի մտահոգություններից էլ բխած լինի նման հայտարարությունը, մենք գտնում ենք, որ ներկայացված պահանջը հակասահմանադրական է և այն պահին երբ միասնականությունը պետք է լինի բացարձակ ու կատարյալ, մենք պարզապես իրավունքը չունենք, անգամ ամենա աննշան ներքին տարակարծության ազդանշան փոխանցելու թշնամուն և անվստահություն սերմանելու սեփական կառավարության նկատմամբ: Մյուս կողմից, ինչպես յուրաքանչյուր հայ իր պարտքն է համարում իր մասնակցությունը բերել այս գոյամարտին, ակնկալում ենք, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաները, անխտիր և անվարան, իրենց փորձն ու հմտությունները ի սպաս կդնեն հայրենիքի պաշտպանության գործին: Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը մի անգամ ևս կոչ է անում բոլոր քաղաքական ուժերին, կազմակերպություններին ու յուրաքանչյուր հայորդու, այս չափազանց պատասխանատու պահին նեցուկ կանգնել Հայաստանի և Արցախի զույգ իշխանություններին և Հայոց բանակին, որպեսզի միասնաբար դիմակայենք անողոք թշնամուն ու հաղթանակով պսակենք այս գոյամարտը», -ասված է հայտարարության մեջ։

--0--ԿԿ