Առավել ծանր մարտեր են Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում. ԱՀ նախագահ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Արցախի նախագահ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հոկտեմբերի 20-ին ընդունել է ՀՀ Ազգային Ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներին՝ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԱՀ նախագահի աշխատակազմից: 

Երկրի ղեկավարը ներկայացրել է ադրբեջանա-թուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը և նշել, որ այն ծավալապաշտական նկրտումները, որոնք ունեն Ադրբեջանի գործող իշխանությունները, պետք է անպայման քաղաքական գնահատական ստանան:

Անդրադառնալով ռազմաճակատում տիրող դրությանը՝ նախագահն ընդգծել է, որ առաջնագծի ողջ երկայքնով ռազմագործողությունները ինտենսիվ կերպով շարունակվում են, ընդ որում՝ առավել ծանր մարտերն ընթանում են Քաշաթաղի շրջանի Իշխանաձոր, Կովսական և Միջնավան համայնքների տարածքներում: 

Իր հերթին ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշել է, որ Հայաստանի Հանրապետությունը բոլոր հնարավոր միջոցներով կանգնած է Արցախի կողքին և, որպես Արցախի անվտանգության երաշխավոր, իրականացրել և իրականացնելու է դրանից բխող յուրաքանչյուր անհրաժեշտ գործողություն:

 

--00--ԱԹ