Վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք․ ապացուցվում է Թուրքիայի ներգրավվածությունն Արցախում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24News  

Բայրակթար

Պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանության բանակը շուրջ 1 տասնյակ «Բայրաքթար» թուրքական անօդաչու թռչող սարքեր է խոցել: Խոցված սարքերից ոչ մեկը, սակայն, ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէին ընկել:  Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Կարծես վերջապես «Բայրաքթարի» բեկորներ ունենք, ինչից ակնհայտ է դառնում, որ այն արտադրվել է սեպտեմբերին, իսկ գերժամանակակից տեսախցիկը Կանադայում արտադրվել է հունիսին: 
Ինչով է սա կարեւոր. կոնկրետ փաստով ապացուցվում է Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը Արցախի դեմ մղվող ահաբեկչական պատերազմում: 
Եւ այն երկրները, որոնք «Բայրաքթարի» համար անհրաժեշտ բաղադրամասեր են մատակարարում Թուրքիային՝ այս փաստի բերումով պետք է հետեւեն Կանադայի օրինակին եւ կասեցնեն հետագա մատակարարումները»,- նշել է նա։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ