Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Նիդերլանդների Թագավորության դեսպանին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20,  24News

կաթողիկոս

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոկտեմբերի 20-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է  Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Նիկո Սխերմերսին։  

Վեհափառ Հայրապետը շնորհավորել է նորանշանակ դեսպանին՝ հաջողություններ մաղթելով Հայաստանում իր առաքելության արդյունավորման մեջ։ Հայոց Հովվապետն ընդգծել է, որ դեսպանն իր պարտականությունները ստանձնել է դժվարին ժամանակաշրջանում, երբ հայ ժողովուրդը գոյամարտ է մղում՝ ի պաշտպանություն Արցախի ժողովրդի խաղաղ ու անկախ կյանքի իրավունքի՝ կանխելու ժողովրդի նկատմամբ գործվող մի նոր ցեղասպանություն։

Անդրադառնալով արցախյան հակամարտությանը և վերջինիս հանգուցալուծման ուղիներին՝ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է միջազգային հանրության վճռական դիրքորոշումը և միջամտությունը՝ ի զորակցություն արցախահայության անկախ կյանքի արդար պահանջի։ Աղոթք բարձրացնելով տարածաշրջանում կայուն խաղաղության վերահաստատման համար՝ Հայոց Հայրապետը հավելել է՝ հավատքով ենք լցված, որ արդարությունը և ճշմարտությունը պիտի հաղթանակեն։

Հանդիպմանը Նորին Սրբությունը անդրադարձ է կատարել երկու ժողովուրդների միջև պատմական կապերին՝ մասնավորապես խոսելով Ցեղասպանության տարիներին հայ ժողովրդի կարիքավոր զավակների հանդեպ Նիդերլանդների ժողովրդի դրսևորած մարդասիրությունը և զորակցությունը։

Վեհափառ Հայրապետը և դեսպանը զրուցել են նաև Նիդերլանդների Թագավորության եկեղեցիների հետ առկա կապերի մասին։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը, խախտելով բոլոր միջազգային պարտավորվածությունները, թուրքական բանակի և Մերձավոր Արևելքից բերված ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ հարձակում է գործել Արցախի ուղղությամբ։ Այդ ընթացքում բազմիցս հրետակոծվել են թե՛ Արցախի և թե՛ Հայաստանի բնակավայրերը, խաղաղ բնակչության շրջանում կան բազմաթիվ զոհեր ու վիրավորներ, ավերվել են տասնյակ շինություններ, ահռելի վնաս է հասցվել քաղաքացիական ենթակառուցվածքներին։

Հայկական Զինված ուժերը հերոսական ու համառ մարտեր են մղում հակառակորդի դեմ՝ պատճառելով նրան կենդանի ուժի և տեխնիկայի ծանրագույն կորուստներ։

--00—ՄՀ