Օդային տագնապները տրվում են, որ զգոն լինենք. ԱԻ նախարարի տեղակալ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

Փամբուխչյան

Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ Արմեն Փամբուխչյանը ներկայացնում է ռազմական դրության ժամանակ ԱԻՆ-ի կողմից իրականացվող գործառույթները:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Փամբուխչյանը հայտնել է, որ ԱԻՆ-ում կա ոլորտային հստակ տարանջատում, սակայն այս պահին ամբողջ նախարարությունը զբաղված է սպասարկելով պատերազմից բխող բոլոր ճյուղերը:

«Արտակարգ իրավիճակների համար առաջնահերթ է քաղաքացիական պաշտպանության կազմակերպումը, որը մտնում է նախարարության կանոնադրության մեջ, այսինքն, անկախ իրավիճակից այդ գործառույթը պետք է իրականացվի և իրականացվում է: Ռազմական դրության պայմաններում կան հավելյալ գործառույթներ, որոնք ԱԻՆ-ը վերցրել է իր վրա՝ ստեղծվել է սոցիալական և նյութական ապահովման շտաբ: Նախարարի հրամանով նաև աշխատանքային խումբ է ստեղծվել, որն իրականացնում է թիկունքը սպասարկող մի շարք գործառույթներ, մասնավորապես, հումանիտար օգնություն»,- նշեց ԱԻ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ այն ամբողջ սնունդը, հագուստը և հիգիենայի պարագաները, որ հավաքագրվում է մի խումբ քաղաքացիների կողմից, ԱԻՆ-ը փաստաթղթավորված (հանձնման և ընդունման ակտերով) ստանում է: ԱԻ նախարարի տեղակալը շեշտեց, որ այդ օգնությունը հավաքագրվում է գերատեսչությանը պատկանող մեկ տեղում, որտեղ ամեն ինչ տեսակավորվում  է՝ փչացող և չփչացող ուտելիքները, հագուստը, ջուրը և մնացած ամեն ինչը:

«Մարդասիրական օգնությունը գնում է սկզբում առաջնագիծ, ապա Արցախի  ապաստարաններում գտնվող քաղաքացիներին: Սննդի այն հատվածը, որի կարիքը չենք ունենում այդ պահի դրությամբ, հանձնման և ընդունման ակտերով փոխանցում ենք ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը, նրանց միջոցով էլ տալիս ենք Արցախից Հայաստան ժամանած քաղաքացիներին: Այս ամբողջ գործընթացը համակարգում է Արցախի պետական նախարարը: Նա հայտնում է, թե որտեղ ինչի կարիք կա, մենք էլ հենց այնտեղից իմանում ենք, թե ինչ պահանջարկ է ձևավորվել»,- նշեց Փամբուխչյանը և հավելեց, որ այս պահին հագուստի կարիք չկա, ինչպես նաև չեն ընդունում տան պայմաններում պատրաստված սնունդ, քանի որ Սննդի անվտանգության տեսչական մարմինն այդտեղ ռիսկեր է տեսնում:

Հիմնականում ընդունվում է չոր սնունդ, պահածոներ, շաքարավազ, հրուշակեղեն, ջուր, հիգիենայի պարագաներ: Արցախում ապաստարաններում գտնվող անձանց էլ տարբեր ճաշատեսակներ պատրաստելու համար ուղարկվում է բանջարեղեն, ոսպ, բրինձ ու նմանատիպ սնունդ:

«ԱԻ փրկարար ծառայությունը  նաև բժշկական ծառայություն է մատուցում: Մենք դաշտային հոսպիտալ ունենք, որտեղ վիրավոր զինվորներին տրվում է առաջին բուժօգնություն: Մեր համապատասխան մասնագետները նաև հոգեբանական աջակցություն են ցուցաբերում, հիմնականում Արցախից ժամանած քաղաքացիներին: Ունենք նաև Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիա, որտեղ երեխաների համար կազմակերպվում են մշակութային միջոցառումներ»,- ասաց փոխնախարարը:

Խոսելով օդային տագնապի ազդանշանի մասին, Փամբուխչյանը նշեց, որ Արցախյան պատերազմից հետո տվյալ բնագավառում շատ լուրջ փոփոխություններ չեն եղել, սակայն վերջին տարիներին բավականաչափ աշխատանք է տարվել և դեռ շարունակվում է:

«Քաղաքացիական պաշտպանության ոլորտում իրականացվում է 3 ֆունկցիա՝ հաշվառում, կցագրում ու ազդարարում: Հաշվառման պրոցեսը գրեթե ավարտին է հասցվել, կցագրումներն արվում են համայնքապետարանների, վարչական շրջանների միջոցով, թե օդային տագնապի դեպքում քաղաքացիները ժամանակավորապես որտեղ պետք է պատսպարվեն: Ազդարարումը մենք իրականացնում ենք շչակների միջոցով, որոնք մի քանի անգամ փորձարկել ենք: Հաղորդագրությունների միջոցով էլ ենք տեղեկացնում, որի շրջանակում համագործակցում ենք մեր կապի օպերատորների հետ: Տեղեկությունը փոխանցում ենք նաև զանգվածային լրատվամիջոցներով: Մեր քաղաքացիներին խնդրում եմ, որպեսզի այդ ազդանշանը լսելով չվախենան, դա տրվում է, որպեսզի զգոն լինենք»,- ընդգծեց Փամբուխչյանը:

Ամբողջությամբ` սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Live

Լրահոս