Սա պարզապես երկու կողմի կռիվ չէ . սա էթնիկ հայերի գոյապայքարն է. ամերիկացի փորձագետ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News

․

ԱՄՆ-ում հեռարձակվող Cheddar հեռուստաալիքի լրատվական մեկնաբան Հենա Դոբան Greenwich Media Strategies խորհրդատվական կենտրոնի տնօրեն Հագար Չեմալիի հետ եթերում զրուցել է Արցախի դեմ թուրք-ադրբեջանական հարձակումների մասին:

Հագար Չեմալին նշել է, որ այս հակամարտությունը պարզապես երկու կողմի կռիվ չէ հողատարածքի համար: Սա հայկական էթնիկ համայնքի գոյապայքարն է: Նրանք պայքարում են ապրելու համար:  

«Սա շատ կարևոր հարց է, որը դարերի պատմություն ունի, սակայն այն խնդիրը, որի մասին հիմա խոսում ենք, ի հայտ է եկել Իոսիֆ Ստալինի օրոք, երբ նա ձևավորում էր Խորհրդային Միությունը: Նա ցանկանում էր, որ Թուրքիան աջակցի Խորհրդային Միությանը, այդ պատճառով էթնիկ հայերի հայրենիքը կցեց Ադրբեջանին»,-նշել է Չեմալին:

Ըստ խորհրդատվական կենտրոնի տնօրենի այս պայքարի կարևոր կետերից է Թուրքիայի միջամտությունը: Թուրքիան բորբոքում է հակամարտությունը և սիրիացի վարձկանների է տեղափոխում այնտեղ: Դա իրավիճակը սարսափելի վտանգավոր է դարձնում։

Չեմալին հիշեցրել է նաև, որ 2017 թվականին թուրքերը հարձակվել են խաղաղ ցուցարարների վրա Վաշինգտոնում:

«Եթե Թուրքիային թույլ տանք այդպես վարվել, նրանք կմտածեն, որ կարող են անել ինչ ցանկանան, դա անթույլատրելի է», -հավելել է փորձագետը:

--00--ԱՀ