«Մեզ հնարավոր չէ հաղթել, և մենք կհաղթենք». Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերի ուղերձները

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Նիկոլ

ՀՀ վարչապետ մամուլի խոսնակ Մանե Գևորգյանն առանձնացրել է Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան ուղիղ եթերի ուղերձները, որը ներկայացնում ենք ստորև. 

- Առանց Արցախի՝ չկա Հայաստան և, հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Իսկ դա այսօր նշանակում է զենք վերցնել և կռվել հանուն այդ իրավունքների:

- Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակից, չի թողնում: Չկա միջանկյալ տարբերակ: Կա հաղթանակ և կա պարտություն: Եվ հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը:

- Տեղական ինքնակառավարման մարմիններ, պետական կառավարման մարմիններ, կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ՝ բոլորը պետք է ձևավորեն ինքնապաշտպանական ջոկատներ և բոլոր այդ ջոկատները պետք է գործեն Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի ենթակայության ներքո:

- Ադրբեջանն այսօր ասում է, որ որևէ այլ բանի՝ բացի Ղարաբաղի կապիտուլյացիայից, համաձայն չէ:

- Այո՛, Ադրբեջանի ռեսուրսները շատ-շատ մեծ են, բայց մեր հերոսական զինվորներն աննկարագրելի ծավալի կորուստներ են պատճառում: 

- Շատ բարձր եմ գնահատում Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը. մենք զգում ենք Ռուսաստանի աջակցությունը՝ որպես Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի ռազմավարական դաշնակից:

- Ուզում եմ, որ մենք բոլորս մեր հոգում և մտքում ուժեղացնենք, կառուցենք, կոփենք հաղթանակի կամքը և հաղթանակի ոգին: Ես սա համարում եմ շրջադարձային պահ, որովհետև մենք ցեղասպանություն տեսած և ապրած ժողովուրդ ենք:

- Մեր առաջին ազատամարտի հերոսները՝ Մոնթե Մելքոնյանը, Թաթուլ Կրպեյանը, Ջիվան Աբրահամյանը, Մովսես Գորգիսյանը, Վազգեն Սարգսյանը, նայում են մեզ: Եվ մենք պետք է նայենք իրենց ու իրենց աչքերի մեջ ու մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնել նրանցից: Որովհետև նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ: Հիմա եկել է մեր ժամը՝ հայրենիքին տալ ամեն ինչ եւ չխնայել ոչինչ:

- Հաղթանակի կամքը մեզ պետք է ասի, որ մենք չենք նահանջի, մենք չենք ընկրկի, մենք չենք կոտրվի: Մեզ հնարավոր չէ հաղթել: Եվ մենք կհաղթենք: Այդ հաղթանակը կախված է մեկ մարդուց, եւ այդ մեկ մարդը դու ես:

--00—ԼՄ