Մենք դեռևս 90-ականների սկզբին ձևակերպել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան. Փաշինյան

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում ադրբեջանաթուրքական ագրեսիայի հետևանքով ստեղծված վիճակին և հետագա անելիքներին: ՀՀ վարչապետը նշել է, որ այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը դիվանագիտական լուծում չունի, քանի որ Ադրբեջանը ցանկանում է հարցը լուծել միայն ռազմական ճանապարհով ու նրանց համար ընդունելի միակ տարբերակը Արցախի կապիտուլացիան է:

«Ես ուզում եմ ընդգծել, որ այստեղ խոսքը Ղարաբաղի մասին չէ, և ես դա նույնիսկ չեմ էլ ուզում քննարկել: Որովհետև դեռ 90-ականների ազատամարտի մեր հերոսները և մեր ամբողջ համատեքստն այդպիսինն է, որ մենք, Ղարաբաղի մասին խոսելով, խոսում ենք ժողովուրդների իրավունքների մասին: Որովհետև մենք դեռևս 90-ականների սկզբին ձևակերպել ենք, որ առանց Արցախի չկա Հայաստան և, հետևաբար, պաշտպանել Արցախի ժողովրդի իրավունքը նշանակում է պաշտպանել հայ ժողովրդի իրավունքը: Ես այստեղ տարանջատում չեմ գտնում: Իսկ սա այսօր առաջին հերթին նշանակում է կռվել, զենք վերցնել և կռվել հանուն այդ իրավունքների այնքան ժամանակ, մինչև հնարավոր կլինի դիվանագիտական եղանակով հասնել ընդունելի որևէ տարբերակի: Ընդ որում՝ ես խոսում եմ հարցի վերջնական լուծման մասին: Եվ այս համատեքստում կարծում եմ, որ այս պրոցեսը պետք է կազմակերպի և իրականացնի մեր ժողովրդի քաղաքական լիդերությունը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

--00--ԱԹ