Աբխազիայի քաղհասարակության ներկայացուցիչները կոչ են արել ճանաչել Արցախի անկախությունը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21,  24News  

Արցախ

Աբխազիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված դիմում են ներկայացրել միջազգային միություններին և կազմակերպություններին՝ կոչ անելով հայ և ադրբեջանցի ժողովուրդների փրկության համար քայլեր ձեռնարկել ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ և ճանաչել Արցախի անկախությունը։ Հայտարարությունը հրապարակել է աբխազական պետական Апсныпресс գործակալությունը։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին, Եվրոպայի խորհրդին, Եվրախորհրդարանին, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցչի գրասենյակին ուղղված նամակում նշված է, որ ակնհայտ է՝ ղարաբաղյան, ինչպես նաև վրաց-հարավօսական և վրաց-աբխազական հակամարտությունները սովետական միության փլուզման անավարտ գործընթացի հետևանք են։
 

Նամակում նշված է, որ աշխարհի առաջատար երկրները թվում է, թե զբաղվում են նմանատիպ հակամարտությունների լուծմամբ, սակայն իրականում միայն նպաստում են դրանց սառեցմանը, քանի որ արյունալի պատերազմներից հետո նախկին «ստալինյան» սահմաններում «տարածքային աբողջականության» վերականգնումը հնարավոր չէ։

 Հանուն այս անվերջ պատերազմում զոհվող հայերի և ադրբեջանցիների անհրաժեշտ է առանց հապաղելու սկսել բանակցություններ, որոնց անպայմանորեն պետք է նաև Ղարաբաղը մասնակցի։  Առանց հակամարտող կողմերի միջև երկխոսության, բանակցությունները դառնում են թերի և անհեռանկար, ինչը չի կարող փոխըմբռնում և խաղաղություն բերել: Անթույլատրելի է հակամարտող կողմերից որևէ մեկին ձայնի իրավունքից զրկելը։

Այս պարագայում պարտադիր է Արցախի ճանաչումը և ցանկալի արդյունքի հասնելու համար դրան հաջորդող բանակցային գործընթացը։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ