Իրավիճակը մեզ այլ ընտրություն, քան հաղթանակն է, չի թողնում. ՀՀ վարչապետ

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News

Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր կամավորական ջոկատներ ստեղծելու և հայրենիքի պաշտպանությանը զինվորագրվելու կոչ է արել:

«Այս կոչն ուղղում եմ մեր երկրի բոլոր քաղաքապետերին, գյուղապետերին, պետական և տեղական ինքնակառավարման բոլոր մարմիններին, այդ մարմինների ղեկավարներին, կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին, քաղաքացիական նախաձեռնություններին, որ նրանք ստանձնեն լիդերությունը, ձևավորեն կամավորական ջոկատներ, որոնք կիրականացնեն հայ ժողովրդի իրավունքի պաշտպանության գործը: Դրանք պետք է լինեն Գլխավոր շտաբի պետի տրամադրության տակ ու ձևավորման պահը պետք է համարվի համարժեք զինվորական երդմանը, ինչը նշանակում է, որ նրանք պետք է կանգնեն ամուր այն տեղերում ու իրականացնեն այն խնդիրը, որը նրանց առջև կդրվի հրամանատարության կողմից»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը նշել է, որ սա շրջադարձային պահ է, ու սրանով պետք է լուծվեն հայ ժողովրդի վերջին 500 տարվա խնդիրները:

«Մենք ցեղասպանություն ապրած ժողովուրդ ենք, իսկ ցեղասպանությունը տեղի է ունեցել այն պատճառով, որ եղել է տրամադրություն, թե «ինչ-որ տեղ կան մարդիկ, որոնք կկանգնեն ժողովրդի իրավունքների պաշտպանության համար, բայց այդ մարդը, երևի, ես չեմ»: Այսօր կան այդպիսի մարդիկ, բայց պետք է նրանց կողքը կանգնել, որովհետև նրանցից՝ մեր հերոսական շարքայիններից, սպաներից ու կամավորներից շատերը զոհվել են հանուն հայրենիքի ու պետք է նրանց փոխարեն կանգնել: Մենք բոլորս պետք է կանգնենք: Դո՛ւ ես հենց այն մարդը, որ այսօր պետք է զենք վերցնի ու գնա, մեր հերոս տղերքի կողքը կանգնի ու տանի այդ հաղթանակը, որը մեր նպատակն է: Իրավիճակը մեզ այլ ընտրություն, բացի հաղթանակը, չի թողնում, չկա միջանկյալ տարբերակ: Հաղթանակը պահանջում է մեզնից յուրաքանչյուրի ջանքը»,- նշել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը հիշեցրել է, որ Ղարաբաղյան առաջին պատերազմի ժամանակ վիճակը շատ ավելի հուսահատ ու բարդ էր, թվում էր, որ էլ ոչ մի ելք ու լուծում չկա, բայց մեր ժողովուրդը գտավ այդ լուծումը, որովհետև կային մարդիկ, որոնք իրենց վրա վերցրին հայ ժողովրդի ճակատագրի պատասխանատվությունը:

«Մեր հերոսները նայում են մեզ, ու մենք պետք է առիթ չունենանք մեր հայացքը փախցնելու իրենցից, որովհետև նրանք հայրենիքին տվեցին ամեն ինչ ու չխնայեցին ոչինչ, հիմա եկել է մեր ժամը»,- ասել է Փաշինյանը:

--00--ԱԹ