Պատերազմի շրջանում Թուրքիայի հայ համայնքն ազգայնական ճնշումների թիրախում է. «Eurasianet»

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22, 24News

հայ

«Eurasianet» գործակալությունը զրուցել է Թուրքիայում բնակվող հայերի հետ: Նրանք պատմել են, որ այս օրերին առավել քան երբևէ ենթարկվում են ազգայնական ճնշումների։

Աղբյուրը հայտնում է, որ Թուրքիայի կողմից Ադրբեջանին ռազմաքաղաքական աջակցությունը, ինչպես նաև ԶԼՄ-ներում հակամարտության բաց լուսաբանումը անհանգստացնում են Թուրքիայի ավելի քան 50 000 էթնիկ հայերին:

Հայ համայնքի ներկայացուցիչ Նորայր Օլգարը Eurasianet-ին պատմել է, որ պատերազմի օրերին Ստամբուլում ապրող հայկական համայնքի անդամների կյանքը «տհաճ փորձառության է վերածվել»։

Թուրքական ԶԼՄ-ները Ադրբեջանի նվաճումների մասին լուսաբանումը Նորայր Օլգարին սյուրռեալիստական է թվում, համակարգչային խաղի պես, որի ժամանակ անտեսվում են մարդկային զոհերը:

«Նրանք նկարագրում են, թե ինչպես են հարվածում և ոչնչացնում օբյեկտները, կարծես չկան մարդիկ, այլ միայն օբյեկտներ, որոնք շարժվում են խաղի մեջ։ Նրանք հրահրում են հակամարտությունը»,-ասել է Օլգարը։

«Eurasianet»-ը հոդվածում անդրադառնում է նաև Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավորին, ըստ որի՝ Թուրքիան միշտ աջակցել է Ադրբեջանին, սակայն նրա ռազմական աջակցությունն այժմ հավասարազոր է պատերազմի մեջ մտնելուն:

«Այդ քաղաքականությունը խորը մտահոգություն է առաջացնում մի երկրում, որտեղ բնակվում են ինչպես էթնիկ ադրբեջանցիներ, այնպես էլ հայեր։ Կառավարությունը սնում է ազգայնականության ալիքը՝ վախեցնելով մի բուռ հայերի, որոնք դեռ այստեղ են։ Սա խաղ է կրակի հետ։ Ես թիրախ եմ դարձել իմ հայկական ինքնության համար, բայց նաև այն պատճառով, որ ես խաղաղության կոչ եմ արել։ Որպեսզի հասարակությանը համոզեն, որ այդ պատերազմն անհրաժեշտ է, նրանք փորձում են լռեցնել նրանց, ովքեր ասում են, որ դա այդպես չէ»,-ասել է Կարո Փայլանը, ապա հավելել, որ հակամարտությանը չանդրադառնալը, լռելը չի երաշխավորում իր անվտանգությունը, և որ դրա մասին հուշում է հայկական հավաքական հիշողությունը: 

Թուրքիայի հայ համայնքի մեկ այլ անդամ՝ գրող Մուրադ Մըճըին ևս, հակամարտության վերսկումից ի վեր, բազում սպառնալիքներ է ստացել: Նա նաև հայտարարել է, որ  մտավախություն ունի՝ եթե պատերազմը սրվի, ազգայնական խմբերը կարող են իրենց հադեպ բաց բռնություն հրահրել։

--00—ԼՄ