Ինչպե՞ս է հնարավոր աշխատանքներն իրականացնել, երբ ամեն րոպե Ադրբեջանը փոխում է դիրքորոշումը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 22,  24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ռուսական «Ինտերֆաքս» գործակալությանը ու նշել, թե ինչպես  է պատկերացնում ահաբեկիչների հարցի լուծումը։

«Ինտերֆաքս» – Հնարավոր համարո՞ւմ եք բանակցությունների ձևաչափի փոփոխությունը: Հնարավո՞ր է Թուրքիայի ներգրավումը բանակցային գործընթացին, ինչը պնդում է Ադրբեջանը:

Նիկոլ Փաշինյան –  Դա շատ տարօրինակ դիրքորոշում է: Քանի որ Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների կողմից ընդունվել է հայտարարություն և այնտեղ հստակորեն արձանագրվել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափը չի փոխվելու: Բանակցությունները պետք է շարունակվեն այդ ձևաչափով: Ես ասում եմ չէ՞, որ ամեն անգամ Ադրբեջանը փոխում է դիրքորոշումը: Մոսկվայում այդ հարցը համաձայնեցվել է համատեղ հայտարարությամբ, բայց երկու օր հետո Ադրբեջանը կրկին հայտարարել է, որ Թուրքիան պետք է լինի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ: Թվում էր, թե հարցը լուծված է, հայտարարություն է եղել, հարցը փակված է, բայց այն կրկին բացվում է: Այս իրավիճակում ի՞նչպես է հնարավոր այդ աշխատանքներն արդյունավետ իրականացնել, երբ ամեն րոպե Ադրբեջանը փոխում է արդեն համաձայնեցված դիրքորոշումները և հարցերը:

«Ինտերֆաքս» – Դուք հնարավոր համարո՞ւմ եք հայ-թուրքական հաշտեցումը ինչ-որ փուլում, թե՞ արդեն ամեն ինչ կորսված է:

Նիկոլ Փաշինյան –  Մենք միշտ ասել ենք, որ Հայաստանը պատրաստ է դիվանագիտական հարաբերությունների հաստատմանն առանց որևէ նախնական նախապայմանների: Իհարկե, այս իրադարձությունները, այս պատերազմը լարվածություն է ավելացնում հարաբերություններում, բայց, ինչպես Ադրբեջանի դեպքում ենք պատրաստ դիվանագիտական երկխոսության, այնպես էլ Թուրքիայի դեպքում:

--00--ԱՀ