Չի կարող լինել որևէ զիջում, որևէ առավելապաշտական ​​մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25 24News  

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հարցազրույցը է տվել CNN-ի "Amanpour" հեռուստածրագրին․

Քրիստիան Ամանպուր. Լավ, այն ինչ հիմա դուք ներկայացրիք միջազգային և Միացյալ Նահանգներում լայն տարածում ունեցող հարթակով, ձեր հանձնառությունն էր, բայց խնդիրն այն է, որ ձեր վարչապետն Արցախում էր, կարծում եմ՝ օգոստոսին, ավելի ստույգ անցյալ տարի օգոստոսին, շատ ազգայնական կեցվածքով, միգուցե դա իր ոճն է, բայց նա, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը, մղեց ամբոխին անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» նախադասությունը։ Արդյո՞ք դա է ձեր քաղաքականությունը:

Զոհրաբ Մանցականյան. Սա այն աղավաղումն է, որին մենք անդրադարձել ենք և որին մենք բախվում ենք մեկ տարի շարունակ. սա բառերը գլխիվայր անելու, աղավաղելու և խեղված ներկայացնելու փորձ է։ Վարչապետը խոսում էր Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, երաշխավորման գործում Հայաստանի դերի մասին: Աշխարհում չկա այլ ուժ, որը կարող է դա անել կամ արել է։ Վարչապետը խոսում էր Հայաստանի զարգացման, բարեփոխման ճանապարհի մասին, և նա վերահաստատում էր, որ Հայաստանը անտարբեր չի լինելու Արցախում իր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Վարչապետն այս երկու տարիների ընթացքում և այդ ելույթում անընդհատ խոսում էր փոխզիջման վրա հիմնված խաղաղ հանգուցալուծման մասին: Այսպիսով, այս բառերը կտրված են համատեքստից և արհամարհվում է այն հիմնարար կետը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, և հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Եվ սա է Հայաստանի ուղերձը, որը հետևողականորեն կրկնվում է այս երկու տարիների ընթացքում:

Քրիստիան Ամանպուր. Դա այն է, ինչ մարդիկ ուզում են լսել՝ խաղաղություն, փոխզիջում, դիվանագիտություն և ոչ թե այսպիսի պայքար, որին ականատես ենք լինում հենց հիմա: Ուստի, դուք ասու՞մ եք, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախը Հայաստանին միավորելը չէ:

Զոհրաբ Մանցականյան. Մենք խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որով կիրացվի նրանց ազատ կամարտահայտումը՝ առանց սահմանափակումների: Հիմա, այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ անհնար է ենթարկեցնելը, ահնար է գերակայություն հաստատելը: Որևէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք կրկին բախվում են. ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը, և նրանք էլ կորոշեն իրենց անկախությունը, որը պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը։ Ինչ վերաբերում է փոխզիջմանը, մենք պետք է շատ հստակ լինենք. չի կարող լինել որևէ զիջում, որևէ առավելապաշտական ​​մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից: Դա պետք է դադարեցվի:

Քրիստիան Ամանպուր. Պարոն նախարար, շատ շնորհակալ եմ մեզ միանալու համար: Կրկին, հույս ունեի հյուրընկալել նաև Ադրբեջանի արտգործնախարարին, ով այսօր չկարողացավ միանալ մեզ:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն։ 

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ