Ֆրանսիացի պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման հայտարարության նախագիծ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

ԱԺ

ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը եւ ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները հոկտեմբերի 25-ին հանդիպել են Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակության հետ: Շուրջ 20 հոգուց կազմված պատվիրակությունը հոկտեմբերի 25-27-ը կլինի Հայաստանի եւ Արցախի Հանրապետություններում, կունենա մի շարք հանդիպումներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից: 

Պատվիրակության անդամները Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի «Առաջ, Հանրապետություն», «Ժողովրդավարական շարժում», «Հանրապետականներ», «Սոցիալիստներ, բնապահպաններ եւ հանրապետականներ», «Ժողովրդավարների եւ անկախականների միություն» և «Ժողովրդական շարժման միություն» գործող  եւ նախկին քաղաքական խմբակցությունների պատգամավորներ են:

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Լենա Նազարյանը, ողջունելով Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորներին ՀՀ Ազգային ժողովում, շնորհակալություն է հայտնել նրանց այս դժվար պահին հայերի կողքին լինելու, իրերն իրենց անունով կոչելու համարձակության ու համամարդկային արժեքները պաշտպանելու համար:

Խորհրդարանի փոխնախագահը մանրամասներ է ներկայացրել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված ռազմական ագրեսիայի հետեւանքով ստեղծված իրավիճակից՝ նշելով, որ հայ բնակչության նկատմամբ տեղի ունեցող գործընթացները պայմանավորված են նրանց ինքնությամբ:

Լենա Նազարյանն ընդգծել է, որ Ադրբեջանը թիրախավորել է նաեւ խաղաղ բնակչությանը՝ կիրառելով  արգելված զինատեսակներ, ինչպես նաեւ հայ ռազմագերիների նկատմամբ դրսևորել է վայրագություններ ու անմարդկային վերաբերմունք:

«Մենք տարածքի համար չենք պայքարում, այլ մեր լինելիության, ինչի դեմ էլ դուրս են եկել Ադրբեջանը, նրա ռազմական ու քաղաքական աջակից Թուրքիան, որը տարածաշրջան է բերել վարձկաններ Սիրիայից, Պակիստանից, Աֆղանստանից ու Լիբիայից: Այսօր, ավելի քան երբեւէ, Արցախի Հանրապետության բնակչության կյանքի իրավունքն ու անվտանգությունը պահանջում է միջազգային հանրության հրատապ եւ հստակ քայլերը: Մենք ասում ենք, որ պատրաստ ենք փոխզիջումների, եթե ընդունվի Արցախի հայության ինքնորոշման իրավունքը՝ Արցախի Հանրապետության ճանաչման միջոցով: Ադրբեջանը, չցանկանալով այս հարցը քննարկել, տապալել է բանակցությունները՝ մեզ ներքաշելով պատերազմի մեջ: Միջազգային հանրությունը չպետք է բավարարվի պարզապես կոչերով. դրանք անզոր են կանգնեցնել այն բարբարոսությունները, որն անում է մեր հակառակորդը: Պետք է ճանաչել Արցախի Հանրապետությունը հանուն հայության փրկության: Մենք չենք կարող թույլ տալ, որ 1915 թվականը նորից կրկնվի»,- եզրափակել է խորհրդարանի փոխնախագահը:

Պատվիրակության անդամ Գիյոմ Կասբարյանը, որն «Առաջ, Հանրապետություն» խմբակցությունից է, նշել է, որ այս աննախադեպ կազմով պատվիրակության այցը պայմանավորված է հայ-ֆրանսիական եզակի խոր կապերով ևհայ ժողովրդին աջակցություն հայտնելու աներկբա ցանկությամբ: Ֆրանսահայ պատգամավորը նշել է, որ ցանկանում են տեղում ծանոթանալ իրավիճակին՝ Ֆրանսիայում եւ Եվրոպայում հստակ ցույց տալու համար, թե իրականում ինչ է կատարվում Հայաստանում եւ Արցախում, ինչպես նաեւ պարզորոշ  ներկայացնելու ագրեսորին, որը  հատել է կարմիր գիծն ու ոտնահարում է մարդկանց տարրական իրավունքները:

Անդրադառնալով  Արցախի անկախության ճանաչման խնդրին՝ Գիյոմ Կասբարյանը հայտնել է, որ  պատգամավորների մի մասն արդեն ստորագրել է Արցախի ճանաչման  վերաբերյալ հայտարարության նախագիծը, սակայն, ըստ նրա՝ դրա քննարկումն օրերի հարց չէ՝ հաշվի առնելով  խորհրդարանի օրակարգի  ծանրաբեռնվածությունը: Պատգամավորներն  անհրաժեշտ են համարել պատերազմի դադարեցումը՝ հայ գործընկերներից  հետաքրքրվելով, թե ինչպիսի լուծումներ են   անհրաժեշտ՝ այս՝ իր բնորոշմամբ՝ արյունալի բաղնիքից դուրս գալու եւ Հայաստանի ու Արցախի ժողովրդին փրկելու համար: «Մենք այստեղ ենք ամենայն անկեղծությամբ եւ աջակցությամբ»,-մասնավորապես ընդգծել է Գիյոմ Կասբարյանը:

ՀՀ ԱԺ պատգամավորներն իրենց խոսքում առաջնային են համարել հրադադարի անհրաժեշտությունը եւ հյուրերի ուշադրությունն են հրավիրել Ադրբեջանի կողմից՝ հայտարարված հումանիտար հրադադարների խախտման եւ ռազմական գործողությունների շարունակման  փաստի վրա: Նշվել է, որ հրադադարից հետո միայն հնարավոր կլինի անցնել բանակցությունների, որին հայկական կողմը մշտապես պատրաստ է: «Բանակցել հնարավոր չէ, երբ մարդիկ զրկված են ապրելու իրավունքից»,-մասնավորապես ասել  են նրանք:

Հայ խորհրդարանականները Ֆրանսիայի գործընկերներին, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրի խորհրդարանի պատգամավորներ, կոչ են արել լինել առաջամարտիկ եւ կանխել ադրբեջանաթուրքական ագրեսիան, ինչպես նաեւ  ճանաչել Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ համարելով, որ այն այլընտրանք չունի:

Ֆրանսիայից ժամանած պատգամավորներն  անընդունելի են համարել Ադրբեջանի կողմից ԱԹՍ-ների կիրառումը Արցախի ժողովրդի նկատմամբ, ինչպես նաեւ հետաքրքրվել, թե արդյոք Արցախի անկախության միջազգային ճանաչումը  չի՞ հանգեցնի իրավիճակի առավել վատթարացման, ինչի առնչությամբ հայ խորհրդարանականներն ընդգծել են, որ Արցախի ճանաչումից եւ նրա կարգավիճակի հստակեցումից  հետո իրավիճակն էապես կբարեփոխվի եւ կերաշխավորվի Արցախի բնակիչների կյանքի իրավունքը:

 Հայկական կողմը պարզաբանել է, որ Արցախի խնդիրը կյանքի իրավունքի հարց է, այլ ոչ տարածքի, եւ այսօր կենսական առաջնահերթություն է՝  գործուն քայլեր ձեռնարկել՝ դադարեցնելու համար պատերազմն ու թշնամու վայրագությունները: «Կոչերն անզոր են՝ դադարեցնելու այս բարբարոսությունները»,-ընդգծել է ՀՀ ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը՝ նկատի ունենալով հայ գերիների եւ խաղաղ բնակիչների նկատմամբ իրականացված վայրագությունները:

  Հարց է հնչել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում խնդրի կարգավորման հնարավորության վերաբերյալ:

ՀՀ ԱԺ պատգամավորները նշել են, որ ադրբեջանաթուրքական այս ագրեսիայով փորձ է արվում պարտադրել փոխելու խմբի կազմը, ինչը հայկական կողմը բացարձակապես անընդունելի է համարում:

«Ահաբեկիչների գործիքն ու նպատակը մեզ բոլորիս վախեցնելն է:  Եթե մենք չենք վախենում ահաբեկիչներից, ապա նրանք պարզապես պարզում են ձեռքերը: Մենք այսօր գործ ունենք ահաբեկիչների հետ, եւ այսօր այստեղ ոչ ոք չի վախենում ահաբեկիչներից: Եվ հետեւաբար, մենք գնալու՛ ենք Արցախ, մենք մնալու՛ ենք Արցախում, մենք ապրելու՛ ենք Արցախում: Եվ այս հարցում մենք որեւիցե այլընտրանք չենք ընդունում»,- հանդիպումն ամփոփել է Հայաստան-Ֆրանսիա բարեկամական խմբի ղեկավար Վլադիմիր Վարդանյանը:

--00--ԱԹ

Տեսանյութեր

Live

Լրահոս