Թուրքիայի գործողությունները ԼՂ-ում որոշակի պատասխանատվություն են դնում Թուրքիայի վրա

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնդկական WION հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է, որ Թուրքիայի անմիջական մասնակցությունը Արցախում ընթացող պատերազմական գործողություններին ուղղակի պատասխանատվություն է դնում ՆԱՏՕ-ի վրա, որի անդամ է նաև Անկարան։

 Ներկայացնում ենք հարցազրույցի այդ հատվածը։ 

WION - Հայաստանի նախագահն օրերս այցելել է ՆԱՏՕ-ի կենտրոնակայան։ Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարը նշել էր, որ ՆԱՏՕ-ն կպահպանի չեզոքություն։ Ձեր անելիքները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան- Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և կարծում եմ՝ այն գործողությունները, որոնք կատարվում են հիմա Թուրքիայի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմում, որոշակի պատասխանատվություն են դնում նաև ՆԱՏՕ-ի վրա: Այսօր (հոկտեմբերի 23-ին) Human Rights Watch կազմակերպությունն արձանագրել է, որ Ադրբեջանի կողմից Ղարաբաղի հակամարտության գոտում օգտագործվում են արգելված զենքեր, մասնավորապես՝ կասետային ռումբեր, որոնք միջազգային իրավունքի կոպտագույն խախտում են:

Եվ երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը ներգրավված է այս գործընթացում, երբ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը վարձկանների և ահաբեկիչների է տեղափոխում հակամարտության գոտի՝ Լեռնային Ղարաբաղի դեմ պատերազմ սկսելու համար, այստեղ ուղղակի է ՆԱՏՕ-ի պատասխանատվությունը, և ՆԱՏՕ-ն պետք է այս հարցերին պատասխանի: Ի վերջո, ինչպե՞ս է ինքը վերաբերվում, երբ իր անդամ պետությունը՝ վարձում է ահաբեկիչների և վարձկանների և տեղափոխում հակամարտ գոտի,
մասնակցում է մի գործընթացի, որտեղ օգտագործվում են արգելված զենքեր, և որտեղ հրթիռակոծությունների է ենթարկվում խաղաղ բնակչությունը:

WION – Արդյոք կարծում եք, որ ՆԱՏՕ-ն և բազմակողմ միջազգային մյուս կառույցները, ինչպիսին է, օրինակ, ՄԱԿ-ը, չեն կարողանում կառավարել նման իրավիճակները։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, դա արդեն շարունակական խնդիր է, բավական երկար ժամանակ: Փորձը ցույց է տալիս, որ այդ կարգի գործողությունները միշտ չէ, որ արդյունավետ են լինում, և այդ կարգի կառույցները շատ հաճախ չունեն բավարար լծակներ՝ իրավիճակի վրա կոնկրետ ազդեցություն ունենալու: Այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ տվյալ իրավիճակում ելք կարող է լինել ռուսական խաղաղապահ ուժերի տեղակայումը հակամարտության գոտում: Մեր կարծիքով՝ միջազգային հանրությունը և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է աջակցեն, քաջալերեն, որպեսզի ռուսական խաղաղապահ զորքերի տեղակայումը հակամարտության գոտում տեղի ունենա: Որովհետև այլ պարագայում որևէ կոնկրետ գործողություն չենք տեսնի հումանիտար ճգնաժամը կանխելու ուղղությամբ:

WION – Անդրադառնալով Թուրքիայի դերին. Դուք նշեցիք, որ Թուրքիան թույլ է տվել մարդու իրավունքների բազմաթիվ խախտումներ այս հակամարտության ընթացքում։ Կա՞ն արդյոք կոնկրետ ապացույցներ։

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Նկատի ունեք Թուրքիայի՞ մասնակցությունը: Այո, իհարկե, կան կոնկրետ ապացույցներ և հիմնավորումներ, և ուզում եմ ասել, որ այս պատերազմը դարձել է Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ զորավարժությունների շարունակություն, որ նրանք սկսել էին դեռևս օգոստոս ամսին: Թուրքիան չի էլ թաքցնում իր ներգրավվածությունն այս գործընթացում. Թուրքիայի ամենաբարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ իրենք Ադրբեջանին աջակցում են ռազմի դաշտում, և թուրքական զինուժի ներկայացուցիչները և թուրքական ռազմական տեխնիկան, մասնավորապես, «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերը, որոնցից արդեն մոտ մեկ տասնյակ խոցվել է Լեռնային Ղարաբաղի ինքնապաշտպանության ուժերի կողմից, այդ ամենը վկայում է, որ Թուրքիան ուղղակի ներգրավված է պրոցեսի մեջ: Եվ նաև այն վկայությունները, որ Թուրքիան Սիրիայում հավաքագրել է վարձկանների և ահաբեկիչների ու տեղափոխել հակամարտության գոտի: Սրա մասին վկայող տասնյակ փաստեր կան արդեն, որոնք մենք հավաքագրել ենք և ներկայացրել միջազգային հանրությանը և կառույցներին: Եվ ուզում եմ, իմիջիայլոց, այսպիսի մի արձանագրում անել՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը մեր դիմումի հիման վրա կայացրել է որոշում, որով ապացուցված է համարում Թուրքիայի ներգրավվածությունն այս պրոցեսի մեջ:

--00--ԱՀ