Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ կան դիվերսիոն խմբեր․ ընթանում են ոչնչացման աշխատանքներ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News

Այսօր ռազմաճակատի ողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտական գործողությունները հյուսիսից մինչև ծայրամաս՝ հարավ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտնեց ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հյուսիսային ուղղությամբ վաղ առավոտյան սկսվել է հրետակոծություն, և որոշակի մարտական գործողություններ են ծավալվել, որոնք, սակայն, իրենց ինտենսիվությամբ մի փոքր զիջում են հարավային ուղղությամբ կատարվող մարտական գործողություններին»,- նշեց նա։

ՊՆ ներկայացուցիչը նշեց, որ հրետակոծությունները մի փոքր զիջում են նախկինում կատարվածներին։

«Օրվա ընթացքում Հադրութից հյուսիս, Մարտունիից հարավ մի քանի գյուղերում, այդ թվում` Ավետարանոց գյուղի հատվածի հարակից անտառներում երևացել են դիվերսիոն խմբեր: Այլ գյուղերի հատվածներում շարունակվել են դիվերսիոն խմբերի որոնողական և ոչնչացման աշխատանքները: Այս պահին էլ դրանք ընթանում են»,-հայտնեց Արծրուն Հովհաննիսյանը:

Հովհաննիսյանը հայտնեց, որ դիվերսիոն խմբերը մարտի չեն բռնվում, աշխատում են խուսափել և փախչել տեղանքից, որտեղ հայտնվում են մեր զինված ուժերի համապատասխան ստորաբաժանումները:

--00--ԱՀ