Թուրքիան զբոսաշրջային գործակալ է դարձել ջիհադիստների համար. Հունաստանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

Հունաստան

Հունաստանի արտաքին գերատեսչության ղեկավար Նիկոս Դենդիաս ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ավարտից հետո անդրադարձել է օրակարգային հարցերին: Դենդիասը նշել է, որ մի շարք երկրներում խնդրահարույց իրավիճակները մեկ ընդհանրություն ունեն՝ Թուրքիայի ապակայունացնող և նեոօոսմանական, նվաճողական նկրտումները: 

«Ես իմ գործընկերոջ հետ քննարկել եմ Թուրքիային ռազմամթերքի մատակարարումների հարցը` ընդգծելով, որ այն օգտագործվում է տարածաշրջանի բոլոր երկրներում իրավիճակի ապակայունացման համար»,- նշել է նա:

Հունաստանի ԱԳ նախարարն ընդգծել է նաև Սիրիայում Թուրքիայի ապակայունացնող դերը, շեշտել՝ Թուրքիան զբոսաշրջային գործակալ է դարձել ջիհադիստների համար, որ ուղևորվում են տարբեր ճակատներ: Դենդիասը հայտնել է, որ քննարկել են նաև Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը, նա իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է Հայաստան կատարած իր վերջին այցի մասին:

«Երկխոսելու բոլոր կոչերը ձևական են, Թուրքիան ամեն օր ցույց է տալիս, որ միայն խախտում է միջազգային օրենքները և արհամարհում է ընկերների խնդրանքները»,- ասել է նա:

Դենդիասի խոսքով` իրենց պատրաստ են երկխոսել, սակայն անհնար է երկխոսել սպառնալիքների ռեժիմում:

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, խոսելով քննարկվող թեմաների մասին, անդրադարձել է նաև ԼՂ խնդրին: Նա հայտնել է, որ ներկայացրել է ՌԴ` որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահող երկիր ունեցած դերի մասին, նաև հակամարտության կարգավորման ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին` կրակի անհապաղ դադարեցումից սկսած մինչև այլ ուղղություններ:

Լավրովը հույս է հայտնել, որ բոլոր գոյություն ունեցող խնդիրները կհաղթահարվեն և կկարգավորվեն: Նա նշել է, որ Ռուսաստանն ու Թուրքիան կշարունակեն համագործակցել աշխարհում կոնֆլիկտային իրավիճակների կարգավորման համար, թեպետ հարաբերությունները «շատ հարթ չեն»:

--00--ԱԹ