Հրադադարից հետո Կարմիր Խաչը դիերի և վիրավորների դուրսբերման հնարավորություն չի ունեցել

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26, 24News

պատերազմ

Արցախա-ադրբեջանական հակամարտության գոտուց դիերի եւ վիրավորների դուրսբերման գործընթաց սկսելու հնարավորություն Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն այսօր առավոտյան չի ունեցել։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին նշեց, որ նման գործողություններ սկսելու եւ իրականացնելու որոշումը ոչ թե իրենց, այլ կողմերի ձեռքերում է․ «Դրա համաձայնությունը, ինչպես նաեւ անվտանգության երաշխիքները կողմերը պետք է տրամադրեն, որպեսզի մենք կարողանանք գործողություն իրականացնել, նման գործողություն դեռեւս չի սկսվել»,- ասաց նա։

Ամատունու խոսքով՝ առհասարակ, սեպտեմբերի 27-ից մինչ օրս մարտի դաշտից դիերի կամ վիրավորների դուրսբերման գործընթաց իրականացնելու հնարավորություն որեւէ անգամ չի եղել․ հիմնական պայմանը, որ հրադադարի պահպանումն է, չի ապահովվել․ «Մենք կողմերի հետ մշտական կապի, նաեւ ոչ հանրային եղանակով երկխոսության մեջ ենք, ինչը նշանակում է, որ գործողությունների, դրանց անհրաժեշտության եւ հնարավոր տարբերակների հետ կապված մշտապես քննարկումներ ենք իրականացնում»։ Թե հնարավոր ինչ տարբերակներ են քննարկվում իրենց գործառույթներն իրականացնելու անհրաժեշտ պայմաններ ապահովելու համար, ըստ Ամատունու՝ հրապարակման ենթակա չեն․ «Մեր դերը խիստ մարդասիրական է եւ այն բացառապես աջակցություն է տրամադրում կողմերին, որպեսզի այդ կարեւորագույն գործողությունները տեղի ունենան, սակայն որոշում կայացնելու ուժը գտվում է կողմերի ձեռքում»։

Հիշեցնենք՝ առավոտյան՝ ժամը 08։00-ից ուժի մեջ է մտել հրադադարի երրորդ պայմանավորվածությունը, որն այս անգամ ձեռք է բերվել ԱՄՆ-ի միջնորդությամբ։ ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես հայտնել է, որ կոպտորեն խախտելով այդ պայմանավորվածությունը՝ ադրբեջանական կողմը ժամը 8:45-ի սահմաններում հրետանային է վարել Արցախի հյուսիսարևելյան մարտական դիրքերի, ավելի ուշ նաեւ՝ խաղաղ բնակավայրերի ուղղությամբ:

--0--ԿԿ