Հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել․ ՊԲ-ն օրվա ընթացքում զուսպ էր․ Փաշինյան

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 26 24News   

Հերթական անգամ չստացվեց հրադադարը պահպանել։ ես չեմ կարող ասել թե ինչպիսին կլինի ԵԱՀԿ ՄԽ համանախագահների արձագանքը դրան, բայց հայկական կողմն ամեն ինչ արել է որպեսզի հրադադարը պահպանվի և ըստ էության ԼՂ պաշտպանության բանակն առավոտից շատ զսպված է եղել, բայց օրվա երկրորդ կեսին կարող ենք արձանագրել, որ հրադադարը չհաջողվեց արդեն երրորդ անգամ պահել։  Այս մասին ուղիղ եթերում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Մենք դեռ չգիտենք թե հրադադարի հաստատման վերջին նախաձեռնության հեղինակ ԱՄՆ նախագահն ինչպես կարձագանքի հրադադարի տապալմանը, բայց ուզում եմ ասել, որ կեսգիշերն անց հեռախոսազրույց եմ ունեցել, ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ և իրեն ուղիղ ասել՝ քանի որ սա իրենց համար առաջի հրադադարն է, իսկ մեզ համար երրորդը, ես կարող եմ մոտավորապես կանխատեսել, թե ինչ է տեղի ունենալու վաղը»,- ասաց Փաշինյանը և հավելեց, որ պետքարտուղարին ասել է՝ մեծ հավանականությամբ հրադադարը չի պահպանվի և մեծ հավանականությամբ Ադրբեջանը կասի որ հայկական կողմ է խախտել։ 

«Բայց հիմնական հարցը, որ դնում էի ԱՄՆ պետքարտուղարի առաջ, հետևյալն է․ ա) եթե հրադադարը չպահվի, ինչպես եք պարզելու, թե ով է մեղավորը, բ) ինչ հետեւանքներ է ունենալու հրադադարի խախտումը՝ խախտող կողմի համար»,- ասաց Փաշինյանը՝ հույս հայտնելով, որ այսօր ԱՄՆ-ից այս հարցերի պատասխանները կստացվեն։ 

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը:

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ