Դպրոցներում աշնանային արձակուրդը կերկարաձգվի ևս 2 շաբաթով․ ԿԳՄՍՆ

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News   

դասարան

Հաշվի առնելով համավարակի տարածմամբ ստեղծված իրավիճակը և ՀՀ առողջապահության նախարարության ցուցումը՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը որոշում է կայացրել երկարաձգել աշնանային արձակուրդը ևս երկու շաբաթով՝ մինչև նոյեմբերի 12-ը ներառյալ, բացառությամբ 12-րդ դասարանցիների, որոնք հոկտեմբերի 30-ից կշարունակեն ուսումնառությունը հեռավար ձևաչափով և ուսումնական տարին կավարտեն ինչպես նախատեսված էր՝ հունիսի 4-ին։

1-11-րդ դասարանցիների համար ուսումնական տարվա ավարտը կսահմանվի հունիսի 18-ը. առաջին կիսամյակն առաջարկվում է ամփոփել հունվարի 31-ին։

Նոյեմբերի 12-ից հետո, կախված համաճարակային իրավիճակից, քննարկվում է ուսումնական գործընթացը երկու ձևաչափով անցկացնելու հնարավորությունը։
Համաճարակային անբարենպաստ իրավիճակի դեպքում տարրական դասարաններում կիրականացվի առկա ուսուցում՝ անկախ դպրոցի տեղակայման վայրից, պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները, իսկ միջին և ավագ դասարաններում` հեռավար ուսուցում։

Այն բնակավայրերում և համայնքներում, որտեղ չի գործում հանրային տրանսպորտ, առկա ուսուցում կիրականացվի նաև միջին և ավագ դասարաններում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները։

Համաճարակային բարվոք իրավիճակի դեպքում ամբողջությամբ կիրականացվի առկա ուսուցում՝ պահպանելով ՀՀ առողջապահության նախարարի՝ սեպտեմբերի 18-ի թիվ 24-Ն հրամանով սահմանված սանիտարահիգիենիկ նորմերը և կանոնները։

Մինչև նոյեմբերի 12-ը չեն գործի նաև նախադպրոցական հաստատությունները, արվեստի, գեղարվեստի, երաժշտական և մարզադպրոցները։

Ուսումնարանները, քոլեջները և բուհերը կշարունակեն գործել հեռավար և առցանց ուսուցման ձևաչափով։

--00—ՄՀ

Տեսանյութեր

Live

Լրահոս