Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը Արցախին սատարող հռչակագիր է ընդունել

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News   

ֆրանսիա

Ֆրանսիայի Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը միաձայն ընդունել է Արցախին սատարող հռչակագիր, որտեղ ընդգծվում է Հայաստանի Հանրապետության, Արցախի և Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի միջև պատմականորեն հարուստ հարաբերությունները, մշակույթի և համայնքային կառավարման ոլորտներում ձևավորված սերտ կապերը։  

Արցախի ԱԳՆ հաղորդմամբ՝ հռչակագրում նշված է, որ Արցախի ժողովրդի մեկուսացումը խոչընդոտում է նրանց հիմնարար իրավունքների իրականացմանը և հակասում ազատության, հավասարության ու համագործակցության ոգուն, որոնք անհրաժեշտ են տարածաշրջանում կայուն խաղաղություն հաստատելու համար:

Փաստաթղթում նշված է, որ հաշվի առնելով հակամարտության կենսական վտանգը Արցախի բնակչության համար՝ Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի խորհուրդը Ֆրանսիայի կառավարությանը կոչ է անում ձեռնարկել հնարավոր բոլոր միջոցները՝ ապահովելու բնակչության պաշտպանությունը և իրականացնել բոլոր քայլերը, որոնք թույլ կտան նպաստել նրա բնակիչների անվտանգությանը:

Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտը նաև որոշում է կայացրել մասնակցելու Արցախին մարդասիրական կարիքները հոգալու համար աջակցություն ցուցաբերելու հարցում՝ Ֆրանսիայում հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի միջոցով տրամադրելով 50 000 եվրոյի չափով մարդասիրական օգնություն։

 Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ