Ադրբեջանում գտնվող թուրքական F-16 կործանիչներն այլ կայան են տեղափոխվել․ The Drive

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News  

F-16

Թուրքական F-16 կործանիչները Ադրբեջանում Գյանջայից տեղափոխվել են Գաբալա։ Այս մասին գրել է The Drive-ը, վկայակոչելով Maxar Technologies ընկերության արբանյակային լուսանկարները։

Ըստ պարբերականի՝ տիեզերքից ստացված լուսանկարներում տեսանելի է վեց ինքնաթիռ։ The Drive նշել է, որ տեղափոխումը պայմանավորված է հայկական ուժերի կողմից Գյանջայի օդանավակայանին հարվածելու հետ։

 Թուրքիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ ադրբեջանական Գյանջաի օդանավակայան 6 F-16 ինքնաթիռ հուլիսի 21-ին են ուղարկել՝ իբր թուրքական և ադրբեջանական համատեղ զորավարժություններին մասնակցելու համար։ Գյանջան Գաբալայից առնվազն 120 կմ հեռավորության վրա է գտնվում։

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ