Հարավային Կովկասն ամենաուժեղ տարածաշրջանն է․ Վրաստանի ԱԳ նախարար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

Վրաստան

Վրաստանի արտաքին գործերի նախարար Դավիդ Զալկալիանին Հարավային Կովկասը աշխարհում ամենաուժեղ տարածաշրջանն է համարում և Թբիլիսին Լեռնային Ղարաբաղի հարցով բանակցությունների հարթակ է առաջարկում։ Այսպիսի հայտարարություն նա արել է «Վրացական երազանք» իշխող կուսակցության ընտրական քարոզարշավի ժամանակ։ Գրել է Regnum գործակալությունը։

«Աշխարհում չկա ավելի ուժեղ տարածաշրջան, քան Հարավային Կովկասն է, ո՛չ տնտեսապես, ո՛չ ռեսուրսների տեսանկյունից և աշխարհաքաղաքական առումներով։ Եթե Հարավային Կովկասում ամուր խաղաղություն հաստատվի, կշահեն բոլորը՝ տարածաշրջանը և բոլոր խոշոր պետությունները տարածաշրջանի սահմաններից դուրս»,- հայտարարել է Զալկալիանին:

Նա նշել է, որ Թբիլիսին պատրաստ է միջնորդ հանդիսանալ Երևանի և Բաքվի միջև բանակցություններում: Զալկալիանին նաև ընդգծել է, որ Վրաստանը միշտ ընկերական հարաբերություններ է պահպանում Հայաստանի և Ադրբեջանի հետ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ