Արցախում վիրավորներ տեղափոխելիս զոհվել է բժիշկ Վահե Մելիքսեթյանը

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27, 24News

բժիշկ

Այրվածքաբանության ազգային կենտրոնը հայտնում է, որ վիրավորների տեղափոխելիս զոհվել է բժիշկ Վահե Մելիքսեթյանը:

«Դեղագետ Վահե Մելիքսեթյանը սեպտեմբերի 27-ին վրա հասած պատերազմի օրերին ձեռքին և զենք է վերցրել, և վիրաբուժական գործիքներ:

Ռազմական գործողությունների հաջորդ օրը բարձրացել է դիրքեր, գտել վիրավորների, տեղում առաջին օգնություն ցուցաբերել, հասցրել բուժկետ: Նրան հաջողվել է փրկել 30-ից ավելի զինծառայողի կյանք:

Բժշկական համալսարանի կլինիկական ֆարմակոլոգիայի ամբիոնի դասախոսն արդեն 2 տարի ծառայության էր անցել զինված ուժերում ու մինչև վերջ հավատարիմ մնացել թե՛ զինվորական, թե՛ Հիպոկրատի երդմանը:

Վահեն ցանկանում էր Հայաստանում ներդնել կլինիկական դեղագետի մասնագիտությունը, որը հիվանդին նշանակում է դեղ, ստուգում դրա ազդեցությունը նրա օրգանիզմում, վերլուծում կողմնակի էֆեկտները: Վերապատրաստում էր անցել Իտալիայի Կամերինո համալսարանում: Նա ընկերների հետ հիմնել էր Կլինիկական դեղագիտության հայկական միությունը. ինքն էլ նախագահում էր:

Ընտանիքին տեղեկացրել են, որ Վահեն հոգեբանական ծանր վիճակում է եղել՝ ինքն իրեն է մեղադրել, որ չի կարողացել փրկել կյանքի հետ անհամատեղելի վիրավորում ստացած հրամանատարին: Ծառայակից ընկերները պատմել են նաև, որ մինչև օգնության կհասնեին, ինչ-որ պահի մարտը վարելու պարտականությունը բժիշկն իր ուսերի վրա է վերցրել:

Մեր ողջ անձնակազմի անունից ցավակցում ենք բժշկի ընտանիքին, հարազատներին և մերձավորներին»,- հայտնում են կենտրոնից։

--00--ԱԹ