Այս պատերազմը յուրաքանչյուրիս համար պիտի դառնա բացարձակ և անփոխարինելի առաջնահերթություն

 ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

Նիկոլ

Այո, մենք աշխարհում ունենք բազմաթիվ թշնամիներ, բայց ունենք նաեւ բարեկամներ, որոնք դժվար պահին կանգնում են, կանգնած են եւ կկանգնեն մեր կողքին։ Շնորհակալ հայ ժողովուրդն այդ վերաբերմունքը երբեք չի մոռանա։ Այս մասին ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Եվ առավել ևս այս ֆոնին՝ մեզ մնում է ամրացնել մեր կամքը, սնել մեր վճռականությունն ու նվիրումը, առարկայացնել մեր որոշումը՝ պաշտպանելու մեր ժողովրդի, Արցախի հայության ինքնորոշման իրավունքը»,- նշեց նա։

Վարչապետը շեշտեց, որ այս պատերազմը մեզնից յուրաքանչյուրի համար պիտի դառնա բացարձակ եւ անփոխարինելի առաջնահերթություն, ու մենք կհաղթենք։ Այս պատերազմի ընթացքում էապես փոխվել է ղարաբաղյան հակամարտության ընկալումն աշխարհում։

«Միջազգային գլխավոր դերակատարներն այժմ ընդունում եւ բաց հայտարարում են, որ Ադրբեջանն ու Թուրքիան են ագրեսիվ կողմը, ահաբեկիչների եւ վարձկանների՝ Ադրբեջանի կողմից կռվելն արդեն հաստատված փաստ է աշխարհում։ Սա հնարավոր է դարձել մեր ճիշտ դիվանագիտական աշխատանքի եւ հրապարակային կառուցողական շեշտադրումների արդյունքում։ Դրանք ի ցույց են դնում, որ Ադրբեջանն ինչպես առաջ, այնպես էլ հիմա պատրաստ չէ փոխզիջումների, իսկ այս փաստը միջազգայնորեն լեգիտիմացնում է մինչեւ վերջ պայքարելու, հաղթանակներ կերտելու եւ դրանք վայելելու հայ ժողովորդի իրավունքը»,- հավելեց Փաշինյանը։

--00--ԱՀ