Դիվանագիտական լուծումն այս պայմաններում հնարավոր չէ, որովհետև դիմացի կողմը չի ուզում

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

․

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը: Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

EFE – Վերջերս Դուք մի քանի անգամ ասել եք, որ առաջնագծում իրավիճակը բարդ է: Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը կարծես թե ամեն օր հայտարարում է նոր տարածքներ վերահսկողության տակ վերցնելու մասին: Ի՞նչ կհավելեք այս կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Պետք է արձանագրել, որ առաջնագծում իրավիճակը բավական բարդ է: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն ինքնապաշտպանվում է իրեն հասու բոլոր հնարավոր միջոցներով, և Հայաստանի ժողովուրդն էլ իրեն հասու բոլոր միջոցներով աջակցում է նրան:

EFE - Դուք միշտ ասել եք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Սակայն չորեքշաբթի (հոկտեմբերի 21-ին) հայտարարեցիք, որ առնվազն այս փուլում Լեռնային Ղարաբաղի հարցը չունի դիվանագիտական լուծում: Ի՞նչ է փոխվել:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Իմ դիրքորոշման մեջ ոչինչ չի փոխվել: Մենք միշտ ասել ենք և ասում ենք, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով: Ես ուրիշ բան եմ ասել իմ հայտարարության մեջ, որ Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը միշտ պատրաստ են եղել և պատրաստ են խնդրի խաղաղ, դիվանագիտական կարգավորմանը: Բայց մենք ունենք հետևյալ բարդությունը՝ այն կոմպրոմիսին, որին համաձայնվում է Հայաստանը, արդեն իսկ չի համաձայնվում Ադրբեջանը: Կա կոմպրոմիսի անհրաժեշտություն, որպեսզի կողմերն իրենց դիրքորոշումները դարձնեն ավելի ճկուն: Սա նորություն չէ:

Միշտ է եղել այդպես: Երևի սկսած 2011 թվականից կոնկրետ փաստերով կարող ենք այդ իրողությունը տեսնել: Երբ Հայաստանը իր նախնական նշաձողից թեկուզ մի թեթև կամ ինչ-որ չափով իջեցնի նշաձողը և փորձի կոմպրոմիս գտնել, այդ պահից Ադրբեջանն արդեն համաձայն չէ դրան, ավելին է պահանջում: Եվ նաև քանի որ զուգահեռ ռազմական ճնշում է տեղի ունենում, ես հենց այդ համատեքստում եմ ասել, որ իրականում դիվանագիտական լուծումն այս պայմաններում հնարավոր չէ, որովհետև դիմացի կողմը չի ուզում դիվանագիտական լուծում:

Դիմացի կողմն ուզում է ռազմական լուծում: Հետևաբար, մենք ավելի շատ պետք է կենտրոնանանք ռազմական խնդիրների վրա, որպեսզի հնարավոր լինի դիվանագիտական լուծումը: Սա է ամբողջ պատմությունը:

--00--ԱՀ