Լեռնային Ղարաբաղի հայությունը գոյութենական վտանգի ներքո է. վարչապետը՝ իսպանական EFE լ/գ-ին

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 27 24News

Նիկոլ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել իսպանական EFE լրատվական գործակալությանը: Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

EFE – Այս պատերազմում Ադրբեջանը ուժեղ դաշնակից ունի՝ ի դեմս Թուրքիայի: Ի՞նչ կասեք Հայաստանի մասին: Ռուսաստանը անվտանգության պայմանագիր ունի, Մոսկվան անո՞ւմ է ամեն ինչ՝ Երևանի հետ ռազմավարական դաշինքի շրջանակում ստանձնած պարտավորությունները կատարելու համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Նախ պետք է արձանագրել, որ Ռուսաստանը Հայաստանի ռազմավարական դաշնակիցն է, և այս առումով մենք զգում ենք նրա աջակցությունը: Բայց Ռուսաստանը նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր է, որի խնդիրն է լինել միջնորդ Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման համատեքստում, այսինքն՝ միջնորդ Հայաստանի, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև: Եվ նրա դիրքորոշումները և որոշումները տեղավորվում են այս ամպլիտուդի մեջ: Մենք, այո՛, զգում ենք Ռուսաստանի աջակցությունը՝ որպես Հայաստանի ռազմավարական գործընկեր և զգում ենք Ռուսաստանի միջնորդական ջանքերը: Մենք տեսնում ենք այդ միջնորդական ջանքերը՝ տարածաշրջանում կայունություն հաստատելու և հարցի խաղաղ կարգավորման հասնելու համար:

Ցավոք, այդ ջանքերն առայժմ արդյունքներ չեն տալիս: Մեկ պարզ պատճառով, որ Ադրբեջանը չի պահպանում իր ստանձնած պարտավորությունները՝ մասնավորապես, Մոսկվայի հայտարարության (հոկտեմբերի 10-ի հրադադար – հեղ.) մեջ արձանագրված: Իմիջիայլոց, ակնհայտ է, որ չի պաշտպանում Թուրքիայի դիրքորոշումների և քաջալերման պատճառով: Թուրքիան ամեն անգամ հայտարարում է, որ Ադրբեջանը չպետք է դադարեցնի ռազմական գործողությունները և պետք է գնա հարցի ռազմական լուծման: Նաև սա է շատ կարևոր գործոն: Ադրբեջանը փաստորեն ավելի շատ ոչ թե սեփական ստանձնած պարտավորությունների նկատմամբ է ուշադիր, այլ Թուրքիայի հայտարարությունների:

EFE – Ձեր կարծիքով՝ ո՞վ կարող է կանգնեցնել արյունահեղությունը Լեռնային Ղարաբաղում՝ Ռուսաստանը, ՄԱԿ-ը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Կա բանակցությունների ձևաչափ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը, որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Ձեր նշած հարցի պատասխանը պետք է փնտրել այս շրջանակում: Իհարկե, Ռուսաստանը առավել մոտ է տարածաշրջանին: Ռուսաստանն առավել մեծ լծակներ և ազդեցություն ունի, և նրա հնարավորություններն այս համատեքստում ավելի մեծ են: Եվ կարծում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահները պետք է աջակցեն և քաջալերեն Ռուսաստանին՝ այդ գործառույթն իրականացնելու համար:

EFE – Ի՞նչ պայմաններում Հայաստանը պատրաստ կլինի ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Արդյոք կկարողանա՞ դա անել դա առանց միջազգային հանրության աջակցության:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Իհարկե, Հայաստանը կարող է ցանկացած պահի նման որոշում կայացնել: Բայց այդ որոշումը շատ ավելի իմաստավորված կլինի, եթե Հայաստանը գործի ոչ թե որպես առանձին վերցրած երկիր, այլ որպես միջազգային հանրության ներկայացուցիչ, որպես շարունակական պրոցեսի մեկ մասնակից: Եվ հիմա մենք տեսնում ենք, որ աշխարհում, նաև սփյուռքահայերի կողմից և քաջալերությամբ, սկսվել է շարժում Արցախի միջազգային ճանաչման համար:

Բայց ես ցանկանում եմ ընդգծել, որ այս ճանաչումն ամենևին սեպարատիզմի տրամաբանության մեջ չէ և կապ չունի սեպարատիզմի հետ: Տվյալ դեպքում Լեռնային Ղարաբաղում - և շարժումն սկսվել է այդ տրամաբանությամբ - Լեռնային Ղարաբաղի հայությունը գտնվում է գոյութենական վտանգի ներքո: Եվ մենք այս դեպքում ընդգծում ենք անջատում հանուն փրկության (remedial secession) սկզբունքը: Այսինքն՝ մարդիկ ոչ թե ուզում են անկախություն ձեռք բերել, որովհետև դա իրենց քմահաճույքն է կամ ուղղակի ցանկությունը: Այլ դա կենսական անհրաժեշտություն է, որովհետև այն, ինչ հիմա տեղի է ունենում և տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում, ըստ էության, ցեղասպանության գործընթաց է, որն սկսվել է ընդդեմ Լեռնային Ղարաբաղի հայության: Սա շատ կարևոր նյուանս է, որը պետք է հաշվի առնել:

EFE – Ես նոր եմ վերադարձել Լեռնային Ղարաբաղից, և այնտեղ ապրող ժողովրդի մեծագույն վախերից մեկը ցեղասպանությունն է: Ի՞նչ եք կարծում՝ միջազգային հանրությունը տեղյակ է այս մասին:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Մենք բոլոր հնարավոր ձևերով բարձրաձայնում ենք այդ խնդիրը: Աշխարհի տասնյակ քաղաքներում տեղի են ունենում ցույցեր, հանրահավաքներ, երթեր, բողոքի ակցիաներ, որոնք բարձրաձայնում են դա: Միջազգային հանրությունը պետք է տեղեկանա, որ, իրոք, այդ վտանգը լուրջ է, և այդ վտանգը լուրջ է ոչ միայն առանձին վերցրած Լեռնային Ղարաբաղի համատեքստում: Զուգահեռ այստեղ կան աշխարհաքաղաքական վտանգներ, որովհետև սա ցեղասպանության միջոցով Թուրքիայի կայսերական քաղաքականության շարունակության փորձ է:

Եվ այս սպառնալիքը, ըստ էության, սպառնում է ոչ միայն Լեռնային Ղարաբաղին, այլև ընդհանրապես Հարավային Կովկասի հայությանը: Որովհետև Հարավային Կովկասի հայերը վերջին խոչընդոտն են Թուրքիայի ճանապարհին՝ շարունակելու իր կայսերական քաղաքականությունը դեպի հյուսիս, արևելք և հարավ-արևելք: Եվ սա պետք է դիտարկել այն քաղաքականության համատեքստում, որ Թուրքիան վարում է Միջերկրական ծովում՝ Հունաստանի և Կիպրոսի դեմ, Սիրիայում, Իրաքում, Լիբիայում:

Պետք է նաև արձանագրել, որ եթե չլիներ Թուրքիան, այս պատերազմը չէր լինի: Նախ, թուրքական զորքերը Ադրբեջանի կողմից ոչ պաշտոնապես մասնակցում են այս պրոցեսներին՝ նաև իրենց Բայրաքթար անօդաչու թռչող սարքերով: Նաև Թուրքիան է վարձկան ահաբեկիչների վարձել և տեղափոխել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ հարձակումը մեկնարկելու համար:

--00--ԱՀ