«Նրանք ուզում են մեր վերջը տալ». սիրիահայ փախստականները ԼՂ-ում կրկին ոչնչացման եզրին են

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

նկար

Արցախում ապաստան գտած սիրիահայ փախստականները կրկին ոչնչացման սպառնալիքի առաջ, միայն թե այս անգամ՝ Լեռնային Ղարաբաղում: Այդ մասին հայտնում է բրտանական  ITV գործակալությունը՝ անդրադառնալով արդեն 1 ամիս տևող պատերազմին: 

Սիրիայում 2011-ի պատերազմի բռնկումից հետո 22 հազար սիրիահայեր տեղափոխվել են Հայաստան, նրանց թվում է նաև սիրիահայ Հովիկ Էսմերյանը, որը գործակալությանը պատմել է, որ իր ընկերներից մի քանիսն Արցախում արդեն կորցրել են իրենց տները։

«Նրանք հարվածում են հիվանդանոցներին, տներին, այն վայրերին, որտեղ մենք ապրում ենք. մենք ողջ ենք, բայց՝ ոչ անվտանգ։ Մենք տեսել ենք, թե ինչ են արել այդ գրոհայինները Սիրիայում, նրանց համար միևնույն է՝ երեխա՞ են սպանում, թե՞՝ կին, և հիմա ցանկանում են նույնը կրկնել այստեղ»,- ասել է Հովիկ Էսմերյանը:

նկար

Աղբյուրը նաև հիշեցնում է, որ Սիրիայի հայ համայնքի մեծ մասը ձևավորվել է Հալեպում՝ Թուրքիայի կողմից 1915-ին իրականացրած ցեղասպանությունից հետո։

«Նրանք ցանկանում են ավարտին հասցնել ցեղասպանությունը, նրանք ցանկանում են բնաջնել բոլորիս։ Սա պարզապես պատերազմ չէ ճակատային գծում, նրանք կրակում են խաղաղ բնակիչների ու քաղաքների վրա մեզ սպանելու համար։ Էրդողանը ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրությունը»,- ասել է Էսմերյանը։

Ստեփանակերտում սրճարանի սեփականատեր սիրիահայը նաև պատմել է, որ պատերազմական իրավիճակում նա անվճար սնունդ է բաժանում քաղաքացիներին: Նա նաև վստահ է, որ Հայաստանն ու Արցախը հաղթելու են:

«Այլ տարբերակ չունենք, ընտրությունը ազատության և մահվան միջև է»,-ասել է սիրիահայը։

Մանրամասները՝ այստեղ:

--00—ԼՄ