Զոհվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակից Արթուր Հարությունյանը

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28 24News

Արթուր

Արցախում ադրբեջանա–թուրքական ագրեսիան հետ մղելիս զոհվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի աշխատակից Արթուր Հարությունյանը։ Այս մասին հայտնում են «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ից:

«Անասելի խորը վշտով տեղեկացնում ենք, որ Արցախի Հանրապետությունում մղվող պաշտպանական մարտերում հերոսաբար զոհվել է Փորձաքննությունների ազգային բյուրոյի համակարգչատեխնիկական փորձաքննությունների բաժնի փորձագետ Արթուր Հարությունյանը, ով պատերազմի առաջին իսկ օրվանից ԵԿՄ «Մեծն Տիգրան» աշխարհազորային մարտիկների հետ միասին պայքարում էր առաջնագծում։

Հայրենասեր, հաստատակամ, խիզախ ու վճռական: Ազնվացեղ ու գեղեցիկ՝ ինչպես իր ժողովուրդը: Աչքերի մեջ՝ հայրենի երկնի կապույտը, հայացքի մեջ՝ լույս, պարզություն, հավատ ու լավատեսություն, այսպիսին էր մեր Արթուրը։ Նա աչքի էր ընկնում իր հայրենասիրական և ազգանվեր հայացքներով, որով վարակում էր նաև իր գործընկերներին։ Նրա համար չկար առավել մեծ արժեք, քան ընտանիքն ու հայրենիքը։ Իր մեծագույն արժեքների պաշտպանության համար էլ մեր Արթուրը հենց առաջին իսկ օրը կամավորագրվեց և մեկնեց առաջնագիծ։

Նա հայրենիքի պաշտպանությունը և մեր խաղաղ ապրելու իրավունքը վեր դասեց սեփական կյանքից։ Նա զոհվեց հանուն մեզ, հանուն մեր խաղաղ ապագայի, հանուն մեր երեխանների անվտանգ և բարեկեցիկ կյանքի։

Հայրենիքը տարավ իր բաժինը՝ արիացող տղա, օջախի սյուն, մոր աչքի լույս, հոր թիկունք, կնոջ ու դստեր հենարան, տան ճրագ ու հայրենիքին այնքան հպարտորեն նվիրաբերված։ Հայրենիքը տարավ իր բաժինը՝ ամենաթանկը, լավագույնը, պաշտելին։

Փառք քեզ մեր հերոս Արթուր, քո ու քո նման հայորդիների շնորհիվ մենք հայ ենք մնացել։ Մեր զավակին սահմանապահ ենք կարգել։ Մենք մեր որդու սիրտն ու կյանքն ենք վահան դարձրել թշնամու առաջ, որպեսզի մեր հողն աննվաճ մնա։ Հայը մնա։ Մենք այսպես ենք ապրել ու այսպես ենք ապրելու հավերժ։

Մեր թանկ զոհերի, հայրենիքը պաշտպանելիս անհավասար կռվում քաջաբար ընկած մեր հերոս տղաների հիշատակի առաջ մենք պարտք ունենք: Եվ այդ պարտքի հատուցումը միայն ՀԱՂԹԱՆԱԿՆ է։

Փորձաքննությունների ազգային բյուրոյում մշտապես վառ է պահվելու մեր բոլորի համար թանկ քո հիշատակը, ողջ գործունեության ընթացքում մեծ կսկիծով կրելու ենք քո կորստի խորը վիշտը:

Մեր զորակցությունն ու ցավակցությունն ենք հայտնում Արթուրի ընտանիքին և բոլոր հարազատներին։ Մեր բոլորի վիշտն անչափ խորն է։ Նա հերոսավայել կռվեց, հերոսավայել ընկավ, որ մենք չկորցնենք հաղթելու հավատն ու նոր վճռականությամբ պաշտպանենք Հող Հայրենին: Մեր հաղթանակն անկասելի է, որովհետև մեր ոգին մեր ընկած հերոսներն են զինել։

Քո սխրանքն անմահ է, քո անունը մեր սրտերում եղբայր …»,–ասված է ՊՈԱԿ տարածած հայտարարության մեջ։

--00--ԱԹ