Փրկարարների թիրախավորումը պատերազմական հանցագործություն է. Արցախի ՄԻՊ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28, 24News

․

Մարդասիրական առաքելություն իրականացնող ԱԻՊԾ աշխատակիցների նոր թիրախավորումը պատերազմական հանցագործություն է: Այս մասին հայտնում է Արցախի ՄԻՊ-ը:

Ադրբեջանի կողմից Շուշի քաղաքի այսօրվա հրթիռակոծության հետևանքով Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության (ԱԻՊԾ) աշխատակիցներ Գեղամ Գրիգորյանը, Կարոտ Բաղրյանը և Հարութ Ապրեսյանը մարդասիրական առաքելություն իրականացնելիս ստացել են մարմնական վնասվածքներ:

Նախնական տեղեկություններով՝ վնասվածքները հասցվել են կասետային «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգի հրթիռի պայթյունից:

Մարդասիրական գործառույթներ իրականացնող անձանց և հաստատությունների թիրախավորումը ևս մեկ անգամ փաստում է, որ Ադրբեջանը առանց կաշկանդվելու իրականացնում է պատերազմական ծանրագույն հանցագործություններ՝ անտեսելով միջազգային մարդասիրական իրավունքի նորմերը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 2-ին Ադրբեջանը թիրախավորել էր Արտակարգ իրավիճակների պետական ծառայության շենքը, որի հետևանքով հումանիտար գործառույթ իրականացնող մարմնի 1 աշխատակից զոհվել է, իսկ 6-ը՝ ստացել տարբեր աստիճանի վիրավորումներ:

--00--ԱՀ