Թուրքական լիրայի արժեզրկման նոր հակառեկորդ. 10 ամսում 40% անկում է գրանցել դոլարի նկատմամբ

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

նկար

Վերջին շրջանում թուրքական ազգային արժույթը՝ լիրան, շարունակում է թարմացնել արժեզրկման ռեկորդները ամերիկյան դոլարի, եվրոյի և ֆունտ ստերլինգի նկատմամբ, գրում է ermenihaber.am-ը:

Թուրքական լիրայի օրեցօր արժեզրկումը սոցցանցերում, լրատվամիջոցներում, ինչպես նաև ընդդիմության շարքերում բուռն քննարկման առիթ է դարձել։ Մինչ բազմաթիվ թուրք օգտատերեր որոնում են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի փեսա, գանձապետարանի ու ֆինանսների նախարար Բերաթ Ալբայրաքին՝ բացատրության ակնկալիքով,  ոմանք էլ տարածում են ընդդիմադիր գործիչ Մուհարրեմ Ինջեի 2018թ․ նախընտրական քարոզարշավի տեսանյութերը, որոնցում նա նշում է, որ Էրդողանի վերընտրության դեպքում 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը կկազմի 8-10 լիրա։ 

Լրագրող Իբրահիմ Հասքոլօղլուն Twitter-ում հրապարակել է դոլարի նկատմամբ թուրքական լիրայի անկման ցուցանիշը՝ տարեսկզբին և այսօր։

Նա հայտնել է, որ եթե 2020 թ․ հունվարի 2-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի փոխարժեքը կազմում էր 5․95 լիրա, ապա հոկտեմբերի 30-ի դրությամբ այն 8․34 է։ Հասքոլօղլուի փոխանցմամբ՝ 2020թ․ լիրան դոլարի նկատմամբ 40 տոկոս անկում է գրանցել։ 

Թուրքական «Karar» թերթի սյունակագիր Իբրահիմ Քահվեջին էլ, անդրադառնալով լիրայի անկման թեմային, գրել է․ «Թուրքիայի արտաքին պարտքը կազմում է 421 միլիարդ դոլար։ Դոլարի փոխարժեքի բարձրացման պատճառով 1 տրիլիոն լիրա կորցրեցինք»։ 

Որոշ օգտատերեր էլ կանխատեսումներ են անում, որ հավանական է՝ նոյեմբերին դոլարի փոխարժեքը կազմի 15 լիրա։

Թուրքիայի արտարժույթի շուկայում հոկտեմբերի 30-ի դրությամբ 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ թուրքական լիրան անկման նոր հակառեկորդ է գրանցել՝ կազմելով 8․3479: Իսկ 1 եվրոյի դիմաց սահմանվել է 9․7484 թուրքական լիրայի փոխարժեք։ 1 ֆունտ ստերլինգի դիմաց թուրքական լիրան արժեզրկվել է, կազմելով 10.7876:

Նշենք, որ այս արդյունքները թուրքական արժույթի՝ մինչ այս պահը երբևէ չգրանցած արժեզրկման ռեկորդներ են։

Լիրայի արժեզրկմանը նպաստել է  Սաուդյան Արաբիայի, Մարոկոյի և ապա Հայաստանի կողմից թուրքական ապրանքների դեմ հայտարարված բոյկոտը։ Սակայն թուրքական արժույթի կտրուկ անկում նկատվեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ Մակրոնի հասցեին հնչեցրած վիրավորանքներից և ֆրանսիական ապրանքները բոյկոտելու կոչերից անմիջապես հետո։

--00—ԼՄ