Հակառակորդը փորձել է Շուշիի գրոհի համար հենարան ձևավորել, սակայն տապալվել է․ Դավիթ Բաբայան

ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 30, 24News

պատերազմ

Հակառակորդը փորձել է ձևավորել կարևոր հենարան, որպեսզի սկսի Շուշիի գրոհը, սակայն մեր պաշտպանության բանակը ոչնչացրել է այդ հենարանը։ Հատկապես շատ ճիշտ է աշխատել մեր հրետանին։ Այս մասին 24news-ին հայտնեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Նա տեղեկացրեց, որ այս գործողությունների արդյունքում հակառակորդը հարյուրավոր զոհեր ունի և շատ թանկարժեք զինտեխնիկա է կորցրել։ 

Անդրադառնալով Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի երեկվա հայտարարությանը, թե թշնամին գտնվում է Շուշիից առավելագույնը 5 կմ հեռավորության վրա, Բաբայանն ասաց․

«Չպետք է կիլոմետրերի վրա կենտրոնանանք, 5-10, թե 12 կմ, խնդիրը հարցի կարևորությունն է։ Հակառակորդի կարևոր թիրախներից մեկը Շուշին է՝ ռազմաքաղաքական և բարոյահոգեբանական տեսանկյունից։ Սա շատ պարզ է և ակնհայտ։ Դրա համար նրանք փորձելու են ամեն ինչ անել, որ իրենց նպատակներին հասնեն։ Մենք էլ ամեն ինչ անելու ենք, որ ձախողենք իրենց բոլոր նպատակները։ Սա փաստ է։ Այսօրվա մարտը դրա վառ ապացույցն է»,-ասաց Բաբայանն ու տեղեկացրեց, որ այս պահին Շուշիի շուրջ իրավիճակն ընդհանուր առմամբ վերահսկելի է։

ԱՀ նախագահի արտաքին հարաբերությունների գծով խորհրդականը անդրադարձավ նաև Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի վերջին հայտարարությանը, թե Ադրբեջանին պետք է նախ հինգ, ապա երկու շրջան վերադարձնել ու նշեց, որ այս պահին կարևորը ռազմաճակատում հաջողություններ գրանցել է։

«Այս պահի դրությամբ շատ կարևոր է, որ մենք ռազմաճակատում մեր նպատակներին հասնենք։ Այսօր հիմնականում դրանից է կախված, թե ինչ է լինելու դիվանագիտական դաշտում։ Դրա համար ինչքան ձախողենք հակառակորդի ծրագրերը մարտադաշտում, այնքան ձախողելու ենք նրա ծրագրերը դիվանագիտական հարթությունում»,-ասաց Բաբայանը։

Նա շեշետեց, որ ՌԴ-ի կողմից նման առաջարկը նորություն չէ, համանախագահները միշտ էլ նման առաջարկներ արել են, սակայն հիմա՝ երբ պատերազմական գործողությունները շարունակվում են, վաղաժամ է դրա մասին խոսելը։

«Պետք է թույլ չտալ, որ հակառակորդն իր նենգ նպատակներին հասնի, պետք է կանգնեցնենք պատերազմը, ապա մյուս հարցերը քննարկենք։ Ես անձամբ կողմնակից եմ որպեսզի Արցախի հարցը վերջնականապես կարգավորվի նաև դիվանագիտական ասպարեզում»,-ամփոփելով խոսքն ասաց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի՝ արտաքին հարաբերությունների գծով խորհրդական Դավիթ Բաբայանը։

Սոնա Գևորգյան

--0--ԿԿ