ԼՂ ժողովուրդը և ՊԲ-ն հերոսաբար պայքարում են իրենց անվտանգության համար

ԵՐԵՎԱՆ,  ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31, 24News 

Փաշինյան

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Arabiya հեռուստաալիքին: Հարցազրույցը ներկայացվում է ստորև.

Al Arabiya - Պարոն վարչապետ, իսկ ինչպե՞ս եք վերաբերվում այն հանգամանքին, որ Ադրբեջանն օգտագործում է «ազատագրել» բառը Ղարաբաղի կամ Արցախի մասին խոսելիս:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Ես հենց դա եմ ասում: Այդ բառը պետք է թարգմանել. դա նշանակում է Ղարաբաղն ազատել հայերից, ինչը ցեղասպանության ուղղակի սպառնալիք է: Դրա համար է, որ մենք ասում ենք՝ դա ևս մեկ անգամ ապացուցում է, որ Ղարաբաղը Ադրբեջանի հսկողության տակ նշանակում է Ղարաբաղն առանց հայերի, ինչը ցեղասպանություն է: Եվ այս է պատճառը, որ մենք կարծում ենք, որ առավել ևս հիմա պետք է կիրառվի «անջատում հանուն փրկության» բանաձևը Լեռնային Ղարաբաղի համար:

Al Arabiya - Երեկ Ադրբեջանի նախագահն ասաց, որ իրենց բանակը վերահսկողություն է հաստատել որոշ սահմանամերձ գյուղերի վրա: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Գիտեք, ռազմական գործողություններ են տեղի ունենում, շատ ծանր ռազմական գործողություններ, և որոշակի առաջընթաց ունի Ադրբեջանի բանակը: Բայց Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը և Պաշտպանության բանակը հերոսաբար պայքարում են իրենց անվտանգության համար և մտադիր են պայքարել մինչև վերջ:

Al Arabiya - Պարոն վարչապետ, ինչպե՞ս կմեկնաբանեք այն պնդումները, թե ներկայիս առճակատումը կապված չէ Ադրբեջանի և Հայաստանի միջև վիճելի տարածքների հետ և տարբերվում է երկու ժողովուրդների միջև ավանդաբար առկա հակամարտությունից իր գազային բաղադրիչով: Ի՞նչ կասեք այդ կապակցությամբ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան – Գազն այստեղ հաստատ ունի ոչ առաջնային իմաստ: Եվ փորձ է արվում որոշ ուժերի կողմից այս կոնֆլիկտին տալ երբեմն գազային ենթատեքստ, երբեմն կրոնական ենթատեքստ, երբեմն, ասացի, տարածքային ենթատեքստ: Ինչո՞ւ է այդ ամեն ինչն արվում: Կոնֆլիկտի բուն էությունից ուշադրությունը շեղելու համար: Սա շատ կարևոր է: Տեսեք, Ձեր հարցերին ի պատասխան անընդհատ փորձում էի ասել, որ մենք պետք է ուշադրություն դարձնենք կոնֆլիկտի էության վրա: Այն ինչի՞ մասին է: Որովհետև որևէ պրոբլեմ բուժելու համար անհրաժեշտ է այն ճիշտ ախտորոշել: Ինչո՞ւ են ասում տարածքային վեճ: Ինչո՞ւ են ասում գազի կոնֆլիկտ: Ինչո՞ւ են ասում երբեմն կրոնական կոնֆլիկտ: Բուն էությունից շեղելու համար: Որովհետև եթե ախտորոշված չէ, ճիշտ ընկալված չէ, այդ պրոբլեմը չի լուծվի: Հետևաբար, դա անում են այն ուժերը, ովքեր հետաքրքրված չեն պրոբլեմի էությամբ և պրոբլեմի լուծմամբ: Հետաքրքրված չեն: Նրանց պետք է նենգափոխել՝ իրենց շահերն այդ համատեքստում սպասարկելու համար: Ի՞նչ կապ ունի գազն այստեղ ընդհանրապես:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ