Թուրքիայի գործելաոճին պետք է հակադարձել, ոչ թե խրախուսել այն. Զոհրաբ Մնացականյան

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News

airplane.png

ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը «Sputnik International»-ին տված հարցազրույցում անդրադարձել է նաև Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ԶՈւ կողմից պատերազմող վարձկանների թեմային:

«Տարբեր տեղեկատվության համաձայն՝ Թուրքիայի տարածքով սիրիացի վարձկանների նոր խումբ պետք է տեղափոխվի ԼՂ հակամարտության գոտի: Միևնույն ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շարունակում է հերքել նման պնդումները: Որևէ տեղեկություն կամ ապացույց ունե՞ք Սիրիայից նոր զինյալների պլանավորվող տեղափոխման վերաբերյալ» հարցին նախարարը պատասխանել է, որ բավական շատ փաստական ապացույցներ կան Սիրիայից և Լիբիայից օտարերկրյա զինյալ ահաբեկիչների առկայության և Թուրքիայի կողմից նրանց շարունակական տեղափոխման վերաբերյալ, ինչը հաստատված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների հետախուզության կողմից և հակամարտության գոտուց ստացվող տեղեկատվությամբ:

«Ոչ մեկն, այդ թվում և Թուրքիան, չեն կարող պնդել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում Թուրքիան հանդես է գալիս որպես անաչառ կամ չեզոք կողմ: 

Թուրքիան այս հակամարտությունը դիտարկում է որպես մեկ այլ հարևան տարածաշրջանում՝  Հարավային Կովկասում, իր ազդեցության տարածման հնարավորություն, և այդ նպատակով հակամարտությունն օգտագործելու և տարածաշրջանի ժողովուրդներին հսկայական տառապանքներ պատճառելու այս գործելաոճը պետք է հակադարձվի, այլ ոչ թե՝ խրախուսվի»,- ասել է նա:

--00--ԱԹ