Թուրքիան ահաբեկիչներին ռազմաճակատ է ուղարկում քաղաքացիական օդանավակայանով՝ առանց փաստաթղթի

ԵՐԵՎԱՆ, ՆՈՍԵՄԲԵՐԻ 1, 24News

ալ

Թուրքիան Սիրիայից ահաբեկչական խմբավորումների ռազմաճակատ տեղափոխումն իրականացնում է քաղաքացիական օդանավակայանների և քաղաքացիական օդանավերի միջոցով: Այդ մասին «Արմենպրես»-ին հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի Քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանը՝ մանրամասներ ներկայացնելով ձերբակալված վարձկան ահաբեկիչ, ազգությամբ արաբ, Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերի հարցաքննությունից:

Ըստ աղբյուրի՝ Մուհհռաբ Մուհամմադ Ալ Շխերը, որը համապատասխան գումարի դիմաց ադրբեջանական կողմից ներգրավված է եղել ռազմական գործողություններում, և նրա հետ տեղափոխվածների խումբը Սիրիայի Արաբական Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանը հատել են առանց որևէ փաստաթղթի:

«Թուրքիայի ԶՈՒ-ի, սահմանապահ զորքերի կամ ոստիկանության կողմից նրանց մուտքը որևէ կերպ չի խոչընդոտվել, ավելին՝ Թուրքիայի Հանրապետության ԶՈՒ-ն և ոստիկանությունն աջակցել են նրանց մուտքին՝ Սիրիայից Թուրքիա»,-ասել է Ռաֆայել Վարդանյանը, ապա հավելել, որ այդ անձինք սահմանը հատելիս իրենց մոտ որևէ փաստաթուղթ չեն ունեցել:

«Նրանք տեղափոխվել են Թուրքիայի քաղաքացիական օդանավակայան, այն զինվորական օդանավակայան չի հանդիսացել և Թուրքիայի դրոշը կրող քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Թուրքիայի մեկ այլ քաղաքացիական օդանավակայան, որտեղից էլ Ադրբեջանի դրոշը կրող՝ կրկին քաղաքացիական օդանավով տեղափոխվել են Ադրբեջան: Եվ օդանավակայանները, և օդանավերը բոլորը եղել են քաղաքացիական: Այսպիսով, քաղաքացիական օդանավակայանների և օդանավերի միջոցով է իրականացվում վարձկանների տեղափոխությունը»,-ասել է Քրեագիտական վարչության պետը:

Այդ վարձկաններին նախապես տրվել են քաղաքացիական սպորտային համազգեստներ, իրենց մոտ չեն ունեցել անձը հաստատող որևէ փաստաթուղթ, բջջային հեռախոս կամ այլ իր: Ամբողջն իրականացվել է Թուրքիայի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության, ԶՈՒ-ի, ոստիկանության հովանավորությամբ և աջակցությամբ:

«Այդ ահաբեկչական խմբավորումների և ֆինանսավորումը, և զինումը իրականացվում է Թուրքիայի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից: Թուրքիան ամբողջությամբ աջակցում և հովանավորում է այս պատերազմը, որն Ադրբեջանը սանձազերծել է Արցախի դեմ»,-ասել է Վարդանյանը:

Թուրքիայի զինվորականներն են ղեկավարում ամբողջ հրետանին, ԱԹՍ-ները և ռազմական օպերացիաները: Այսպիսով, ամբողջը կառավարվում է թուրք բարձրաստիճան զինվորականների և այլ զինծառայողների կողմից:

--00—ԼՄ