Ադրբեջանը խրվելու է այնքան ժամանակ, մինչև ճանաչի ԼՂ ժողովրդի ինքնորոշման լեգիտիմ իրավունքը

ԵՐԵՎԱՆ,  ՆՈՅԵՄԲԵՐԻ 1, 24News 

Փաշինյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել Al Jazeera հեռուստաալիքին։ Հարցազրույցի տեքստը ներկայացվում է ստորև.

Al Jazeera – Ադրբեջանը հայտարարում է, որ Դուք հողերի կորուստ եք ունենում: Այդ հողերը կարո՞ղ եք վերականգնել, թե՞ ոչ:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես երեկ (հոկտեմբերի 27-ին) ուղերձով եմ հանդես եկել և ասել եմ հետևյալը. ըստ էության, Լեռնային Ղարաբաղը՝ չճանաչված պետությունը, այսօր պայքարում է միջազգային ահաբեկիչների, Ադրբեջանի, Թուրքիայի օդուժի և հատուկջոկատայինների դեմ: Ըստ որոշ տեղեկությունների՝ նաև Պակիստանից են հատուկջոկատայիններ մասնակցում այդ կռվին: Եվ ակնհայտ է, որ այդ հարձակումը նպատակ ուներ բլիցկրիգով արագ վերցնել Լեռնային Ղարաբաղը: Բայց մեկ ամիս չճանաչված փոքր հանրապետությունը պայքարում է ահռելի միջազգային ուժի դեմ և մինչև օրս կանգուն է: Եվ պատերազմի շարունակության ամեն օրը ֆրուստրացիայի է բերում և բերելու է Ադրբեջանին և Ադրբեջանի հանրությանը: Որովհետև այն, ինչ Դուք նշում եք՝ Ադրբեջանի իշխանությունները այնքան են հաղթական ինֆորմացիայով սնել իրենց հանրությանը, որ նրանք ամեն օր, արդեն երկար ժամանակ սպասում են, որ, վերջ, պատերազմն ավարտվելու է իրենց վերջնական հաղթանակով։ Եվ նրանք սպասում են այդ լուրին: Ես ցանկանում եմ ասել՝ իրենք այդ լուրը չեն ստանալու, այդ լուրը չեն ստանալու: Եվ նրանք ավելի ու ավելի են խրվելու այնքան ժամանակ, մինչև չճանաչեն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման լեգիտիմ իրավունքը, և մինչև կառուցողական դաշտում մենք բոլորով դիվանագիտական լուծմանը հասնելու անկեղծ ջանքեր չգործադրենք:

 

Al Jazeera - Մարտական գործողությունների մասին տեղեկատվության թափանցիկության վերաբերյալ: Կան քարտեզներ, որոնք ցույց են տալիս, թե Ադրբեջանն ինչ է վերցրել հսկողության տակ: Որքանո՞վ եք թափանցիկ այդ առումով:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Մենք մեր հանրությանը ներկայացրել ենք քարտեզներ, և մենք մեր հանրությանը տալիս ենք անհրաժեշտ տեղեկատվությունը: Մեր հանրությունը տեղեկացված է ամեն ինչի մասին: Նույնը չեմ կարող ասել, վստահ չեմ՝ Ադրբեջանի հանրության պարագայում:

Al Jazeera - Պարոն վարչապետ, շնորհակալություն հարցազրույցի համար:

Վարչապետ Նիկոլ Փաշինյան - Ես եմ շնորհակալ:

Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան ադրբեջանական կողմը՝ խախտելով բոլոր հնարավոր միջազգային պայմանավորվածությունները, թուրքական բանակի գործուն աջակցությամբ անցել է հարձակման Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով՝ կիրառելով իր ձեռքի տակ եղած սպառազինության բոլոր տեսակները՝ այդ թվում և օդուժ։ Ադրբեջանական բանակը գնդակոծել է նաև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը։

Հայկական զինուժը համառ մարտերից հետո կարողացել է ձախողել հակառակորդի հիմնական նպատակները ու շարունակում է զարգացնել հաջողությունները՝ թշնամուն հետ շպրտելու համար։

Ադրբեջանական ԶՈւ շարքերում ներառված են նաև վարձկաններ Սիրիայից ու Լիբիայից, որոնք այստեղ են հայտնվել Թուրքիայի միջնորդությամբ:

Հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպման ժամանակ հրադադարի մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել, որը, սակայն, Ադրբեջանը չի պահել: Նույն կերպ Ադրբեջանը խախտել է նաև հոկտեմբերի 17-ին Ֆրանսիայի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի մասին պայմանավորվածությունը: Ադրբեջանական կողմը խախտեց նաև հոկտեմբերի 26-ին ԱՄՆ-ում հումանիտար հրադադար պահպանելու մասին պայմանավորվածությունը։

Մինչև հոկտեմբերի 16-ը ներառյալ Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակավայրերի թիրախավորման արդյունքում սպանվել է ընդհանուր 36 խաղաղ բնակիչ, որից 1 մանկահասակ աղջիկ, 7 կին և 28 տղամարդ: Մարմնական վնասվածքներ է ստացել ընդհանուր առմամբ 115 մարդ, որից 95 անձ ստացել է լուրջ վնասվածքներ: Վերջիններից 77-ը արական, իսկ 18-ը` իգական սեռի քաղաքացիներ են:

Արցախի Հանրապետության 130 բնակավայրերին հասցվել է նյութական մեծ վնաս, մասնավորապես՝ 7800 մասնավոր անշարժ գույք, 720 մասնավոր շարժական գույք, 1310 ենթակառուցվածքներ, հանրային և արտադրական նշանակության օբյեկտներ:

--00—ՄՀ