ԼՂ-ում թեժ փուլից դուրս գալու ուղղությամբ աշխատում ենք բոլոր մակարդակներով. Լավրով

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

լավրով.

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում անդրադարձել է ԼՂ հակամարտությանը և լուծման ուղիներին: 

Լեռնային Ղարաբաղում սանձազերծված պատերազմի ավելի քան մեկ ամսվա ընթացքում մարդիկ են զոհվում, իսկ աշխարհը սպասում է՝ երբ են կողմերը հասունանալու՝ խաղաղ բանակցությունների համար: 

«Դեռ որքա՞ն կարելի է սպասել, և չկա՞ն կողմերին խաղաղության պարտադրելու ուղիներ: Ռուսաստանն իրավունք ունի՞ ցուցադրել իր տարածաշրջանում խնդիրները լուծելու անկարողություն» հարցին Լավրովը պատասխանել է.

«Անդրկովկասում վրա հասած ողբերգությունը մեր ընդհանուր ցավն է: Մենք անտարբեր չենք այս ամենի նկատմամբ, երբ Ռուսաստանի՝ ավանդաբար բարեկամ երկու երկրների ժողովուրդների միջև ռազմական գործողություններ են սկսվել մի խնդրի պատճառով, որ, մեր խորին համոզմամբ, վաղուց պետք է լուծված լիներ բացառապես քաղաքական-դիվանագիտական միջոցներով»:

Լավրովը նշել է՝ հաշվի առնելով, որ Ռուսաստանին Հայաստանի ու Ադրբեջանի հետ կապում է ընդհանուր պատմությունը, մշակույթը, հումանիտար ու տնտեսական կապերը, իրենց կողմից թելադրանքը, ճնշումն ավելի քան անտեղի են:

«Ռուսաստանի՝ իբրև հիմնական միջնորդի խնդիրն է օգնել Հայաստանին ու Ադրբեջանին՝ դուրս գալ թեժ փուլից և գտնել սրված հակասությունների լուծման խաղաղ միջոց: Այս ուղղությամբ աշխատում ենք բոլոր մակարդակներում: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կարելի է ասել ամենօրյա ռեժիմով միջնորդական ջանքեր է գործադրում՝ ուղղված ստեղծված իրավիճակի կարգավորմանը»,- ասել է նա՝ հույս հայտնելով, որ արդյունքում Բաքվում և Երևանում կառուցողական մոտեցումը կգերիշխի, ռազմական գործողությունները կդադարեն և գործընթացը կվերադառնա քաղաքական հուն:

ՌԴ ԱԳ նախարարը նշել է, որ ռուսական իշխանությունները կանխարգելիչ միջոցներ են ձեռնարկել՝ ՌԴ տարածքում հայերի և ադրբեջանցիների միջև բախումները կանխելու համար:

«Մեզ, իհարկե, անհանգստացնում է ԼՂ հակամարտության միջազգայնացումը և Մերձավոր Արևելքից զինյալների ներգրավումը: Մենք բազմիցս կոչ ենք արել արտաքին խաղացողներին՝ օգտագործել իրենց հնարավորությունները՝ կանխելու վարձկանների տեղափոխումը, որոնց թիվն արդեն ԼՂ հակամարտության գոտում, ըստ առկա տեղեկությունների, մոտենում է 2 հազարի»,- նշել է Լավրովը՝ հիշեցնելով, որ այս թեմային ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հոկտեմբերի 27-ին ունեցած հեռախոսազրույցի, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի առաջնորդների հետ պարբերական շփումների ժամանակ:

«Մենք համառորեն շարունակում ենք առաջ տանել մեր դիրքորոշումն ամենատարբեր խողովակներով»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

--00--ԱԹ