Ռուս-թուրքական հարաբերությունները կարող են դրական դեր ունենալ ԼՂ իրավիճակի լուծման համար

ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 3, 24News

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը բացառիկ հարցազրույց է տվել ռուսաստանյան PБK հեռուստաընկերությանը:

PБK հեռուստաընկերություն- Կարո՞ղ է Ղարաբաղի խնդիրը լուծել նրա միջազգային ճանաչումը: Ձեր արևմտյան այցերն ի՞նչ արդյունքներ են ունեցել:

- Այլ երկրների կողմից Լեռնային Ղարաբաղի ճանաչումն այս դեպքում կլինի միջազգային իրավունքի, միջազգային պայմանավորվածությունների ու սկզբունքների, նաև փիլիսոփայության շրջանակում, որը զարգացել է տարբեր տարածաշրջաններում, այդ թվում Արևմուտքում: Խոսքը ժողովուրդների՝ սեփական ճակատագիրը որոշելու իրավունքի մասին է:

Հանդիպել եմ Եվրոպական խորհրդի նախագահի, փոխնախագահի, Ֆրանսիայի նախագահի հետ: Հանդիպում և բանակցություններ են եղել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ: Ձեզ չեմ կարող պատմել մանրամասների մասին: Դուք փորձառու լրագրող եք, տեսել եք պաշտոնական հաղորդագրությունը:

PБK հեռուստաընկերություն- Ես ցանկանում եմ իմանալ, թե ստացե՞լ եք Ձեր գլխավոր հարցի պատասխանը՝ ինչպե՞ս է ստացվում, որ ՆԱՏՕ- ի անդամ Թուրքիան անում է այն, ինչ ցանկանում է, իսկ ՆԱՏՕ-ն ոչինչ չի անում: Հենց այս հարցն եք Դուք մամուլում բարձրացրել, երբ գնում էիք: Այնտեղ ստացա՞ք այդ հարցի պատասխանը:

- Իմ հարցի պատասխանը ես ստացել եմ: Կարող եմ նշել, որ բավարարված եմ իմ գործուղմամբ, ինչպես նաև իմ հանդիպումներից նախագահ Մակրոնի, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի, Եվրոպական խորհրդի ներկայացուցիչների հետ: Ես ստացել եմ իմ հարցերի պատասխանները:

Լուծե՞լ են արդյոք այդ պատասխանները ղարաբաղյան հարցը՝ ոչ: Կարո՞ղ եմ կիսվել Ձեզ հետ այդ հանդիպումների մանրամասներով: Բնականաբար, ցավոք, չեմ կարող. և ինչ կար մամուլի համար, արդեն իսկ մամուլում է:

PБK հեռուստաընկերություն - Այցի արդյունքներով կարո՞ղ եք ասել, թե ինչու է Թուրքիան իրեն այսպես ակտիվ պահում այս հակամարտությունում՝ փաստացի բացեիբաց կանգնելով Բաքվի և Ադրբեջանի ղեկավարության կողքին:

- Գիտեք, Ձեր հարցին պատասխանելու համար ինձ անհրաժեշտ չէր կատարել այդ այցը, այլ հակառակը, այդ այցի ընթացքում ես բացատրում էի Եվրոպայի գործընկերներին, թե ինչու է Թուրքիան իրեն այդ կերպ պահում: Այսինքն՝ ես այդ այցը չեմ կատարել, որպեսզի հասկանամ: Ես գիտեմ՝ ինչու:

Եկեք միասին վերլուծենք: Նախ, հասկանանք պաշտոնական պատճառը, որը Թուրքիան հայտնում է, թե ինչու է ներգրավվել այս հակամարտության մեջ: Առաջին հերթին, նրանք հայտարարեցին, թե ադրբեջանցիներն իրենց էթնիկ եղբայրներն են: Գիտեք ինչ, էթնիկ եղբայրներ Ռուսաստանը նույնպես ունի՝ ամբողջ Եվրոպայի սլավոնները: Թուրքիայի էթնիկ եղբայրներն Ադրբեջանից հասնում են մինչև Կենտրոնական Ասիա, Մոնղոլիա, Չինաստան, Ռուսաստանի Դաշնություն: Դա նշանակու՞մ է, որ նա ապագայում իրեն նույն կերպ պետք է պահի, եթե մտածի, որ իր էթնիկ եղբայրներին ինչ-որ բան է սպառնում:

Երկրորդ պատճառն ամբողջությամբ անհեթեթություն է: Հին խաղաքարտեր օգտագործելով ասում են, թե իբր Ղարաբաղի տարածքում կան քրդական որոշակի կազմակերպությունների զինյալներ: Սա բացարձակ անհեթեթություն է: Եթե գոնե մեկին գտնեք, ցույց տվեք: Սակայն, մյուս կողմից նույն Թուրքիան Ադրբեջան է բերել հայտնի կազմակերպությունների ահաբեկիչների, որոնց անունները հայտնի են բոլորին: Այդ անունները հայտարարվել են նաև շատ երկրների համապատասխան ներկայացուցիչների՝ ներառյալ ռուսական բարձրաստիճան պաշտոնյանների, դիվանագետների և նախարարների կողմից: Նրանք նույն ահաբեկիչներն են, որոնք ակտիվորեն աշխատել և վարժեցվել են Սիրիայի տարածքում, հետո նրանց մի մասին տեղափոխել են Եգիպտոս, այնուհետև՝ Լիբիա, որտեղից տրանսպորտային միջոցներով տեղափոխել են Ադրբեջանի տարածք:

Որպես երրորդ պատճառ ասվում է, թե իբր հայերը քիչ է մնում հարվածեն նավթատար և գազատար խողովակներին, այսինքն՝ ենթակառուցվածքներին, լոգիստիկային: Սա նույնպես բացարձակ անհեթեթություն է, որովհետև եթե հայերը մտադիր լինեին հարվածել այդ ենթակառուցվածքների ուղղությամբ, դա կանեին 20 տարի առաջ՝ ցույց տալով, որ առանց Հայաստանի չի կարելի կառուցել խողովակաշարեր, որ Հայաստանը պետք է այդ խողովակաշարերի մասը կազմի կամ գոնե ղարաբաղյան հակամարտությունը պետք է լուծված լիներ նախքան այդ խողովակաշարերի կառուցումը: Սակայն հայերը դա չարեցին, քանի որ, ինչպես Ձեզ ասացի, հայերն ինչ-որ պատճառներով հավատում են միջազգային հարաբերություններին, միջազգային օրենքներին և նորմալ միջազգային վարքագծին: Ինչպես տեսնում եք, խողովակաշարեը կառուցվել են, և մոտ 20 տարիների ընթացքում ոչ մի փամփուշտ չի ուղղվել դրանց ուղղությամբ, իսկ Ադրբեջանը միլիարդներ է կուտակել: Եվ այդ միլիարդները ծախսվել են զենք գնելու համար, իսկ այդ զենքն այսօր ոչնչացնում է հայ երեխաներին, տատիկներին, կրակում է Ղարաբաղի հայկական գյուղերի, քաղաքների վրա:

Իսկ այժմ եկեք դիտարկենք ոչ թե Թուրքիայի հայտարարած պաշտոնական պատճառները, այլ՝ թե որն է իրականությունը: Այն շատ պարզ է: Ինչպես նշեցի, Ադրբեջանն այսօր շատ ուժեղ է կախված Թուրքիայից, առաջին հերթին՝ Ադրբեջանում Թուրքիայի հզոր ներկայությունը՝ և՛ քաղաքական, և՛ ռազմական ոլորտներում: Այսինքն՝ ինչ-որ առումով Թուրքիան շատ հարցեր է լուծում: Նրա ներկայությունը և ազդեցությունն Ադրբեջանում ահռելի են: Եթե այսօր մտածում ես ղարաբաղյան հակամարտության մասին, ապա այն այլևս նույն հակամարտությունը չէ, որի մասին մենք խոսում էինք: Այո, ղարաբաղցիները կռվում են իրենց տան համար: Սակայն նրանք ինչ-որ իմաստով կռվում են ոչ միայն Ղարաբաղի, այլ նաև ամբողջ տարածաշրջանի ապագայի համար, քանի որ Ադրբեջանում թուրքական ներկայությունն ունի մի քանի գործոն: Ինչպես նշեցինք՝ ահաբեկիչներ: Սա ուղղված է ոչ միայն Հայաստանի դեմ: Թուրքիան եկավ Ադրբեջան՝ ասելով. «Իմ սիրելի էթնիկ եղբայրներ, ահա դուք չեք կարողանում լուծել ղարաբաղյան հակամարտությունը, ես ձեզ կօգնեմ, և մենք այդ հարցը կլուծենք միասին, փոխարենը՝ ես կմնամ այստեղ, ինձ հետ կբերեմ այդ ահաբեկիչներին և, ըստ էության, այստեղ կլինեմ, որպեսզի պաշտպանեմ գազատարները, նավթատարները, իսկ իրականում դրանք կկառավարեմ»: Սա ի՞նչ է նշանակում: Նույն Եվրոպան, Արևմուտքը, որի մասին ասում եք, պետք է հասկանան, որ Թուրքիայի ներկայությունն Ադրբեջանում նշանակում է վերահսկողություն գազի և նավթի վրա, որն անցնում է ոչ միայն Ադրբեջանի տարածքով, այլ նաև՝ Կասպից ծովից, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա: Այն անցնելու է նավթատար և գազատար խողովակներով, որը կոչվում է տրանսանատոլյան գիծ կամ տրանսադրիատիկ գիծ: Այսինքն՝ դա Թուրքիայի ամբողջական վերահսկողություն է ենթադրում այն էներգակիրների վրա, որոնք անցնում են կասպիական տարածաշրջանից, Կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա, հիմնականում հարավային Եվրոպա: Այսինքն՝ Եվրոպան ինչ-որ իմաստով Թուրքիայի պատանդն է դառնալու: Սա գործիք, խաղաքարտ է, որով Թուրքիան շատ ակտիվ կխաղա, որովհետև ոչ միայն Եվրոպան, այլև Կենտրոնական Ասիան կախվածության մեջ կլինեն Թուրքիայից, քանի որ Թուրքիան կդառնա կառավարող:

Երկրորդ խաղաքարտը շատ կարևոր է: Դա փախստականներն են, որոնք կանգնած են Եվրոպայի սահմանին: Նրանք 4 միլիոն են: Եվրոպան Թուրքիային 6 միլիարդ եվրո է տալիս նրանց պահելու համար: Սակայն այդ խաղաքարտը Թուրքիան շատ արդյունավետ է օգտագործում: Որտեղի՞ց են այդ փախստականները: Նրանց բացարձակ մեծամասնությունը Սիրիայից են: Թուրքիան Սիրիայի հետ այդ խնդիրն առաջացրեց, արդյունքում՝ փախստականներ կան, և այսօր նրանցով սպառնում է Եվրոպային, իսկ Եվրոպան նրանից կախման մեջ կլինի: Այդ փախստականների երկրորդ ուղղությունն առաջացավ Լիբիայից: Լիբիան ոչ միայն էներգետիկ երկիր է, այլ նաև փախստականների համար դարպաս Աֆրիկայից դեպի Եվրոպա:

Եվ երրորդը՝ իհարկե, ահաբեկիչներն են: Ահա այս երեք խաղաքարտերն են:

PБK հեռուստաընկերություն- Ինչպես նշեցիք, այդ հավակնություններն անկայունության օջախներ են ստեղծում Ռուսաստանի սահմանի մոտ: Միաժամանակ, Ռուսաստանն այսօր շատ զուսպ դիրքորոշում ունի: Սա երևի չի՞ համընկնում Երևանի ակնկալիքների հետ:

- Դուք խոսում եք ինձ հետ, և ես կարող եմ կիսվել իմ կարծիքով որպես երկրի նախագահ: Մենք հասկանում ենք, որ Ռուսաստանը Թուրքիայի հետ ունի շատ խորը և ընդլայնված հարաբերություններ քաղաքական, տնտեսական, ռազմական ոլորտներում: Սա ընդունում ենք որպես Թուրքիայի և Ռուսաստանի միջև եղած նորմալ երկկողմ հարաբերություններ: Սրանում ես ոչ մի վտանգ չեմ տեսնում, հակառակը, քանի որ Ռուսաստանը այն երկիրն է, որն ի վերջո կարող է արմատապես փոխել և կարգավորել Լեռնային Ղարաբաղում ներկա ռազմական իրավիճակը՝ կողմերին առաջարկներ, դիվանագիտության, ճնշման միջոցներ ներկայացնելով: Կարծում եմ, Ռուսաստանի և Թուրքիայի երկկողմ հարաբերությունները նորմալ են: Եկեք բոլորովին այլ օրինակ բերեմ: Տարիներ առաջ, երբ ազատ մարդ էի, ինձ հարցնում էին, թե ի՞նչ եմ մտածում այն մասին, որ Թուրքիան ցանկանում է ԵՄ անդամ դառնալ։ Ես ասում էի, որ սկզբունքորեն դա լավ գաղափար է, որովհետև մենք կունենանք հարևան, որը կկառավարվի շատ ավելի քաղաքակիրթ օրենքներով և վարքագծով: Այսինքն, կունենա Եվրոպայի համար շատ կարևոր մի բան՝ հանդուրժողականություն:

Ռուս-թուրքական հարաբերությունները և Ռուսաստանի ազդեցությունը Թուրքիայի վրա կարող են շատ դրական դեր ունենալ Ղարաբաղում այս ռազմական իրավիճակի լուծման համար, ուստի ասել, թե ես ինչ-որ առումով անհանգիստ եմ, որ գործընթացներ են տեղի ունենում, այդպես չէ։ Ես դրան նորմալ եմ վերաբերվում՝ որպես նորմալ երկկողմ հարաբերություններ Ռուսաստանի և Թուրքիայի միջև:

--00--ԱԹ